Կարմիր գծերը Երևանում վերածվել են ավտոշուկայի

«Կարմիր գծերը» Երևանում վերածվել են ավտոշուկայի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Երևանի կենտրոնական փողոցներում «կարմիր գծերը» ի սկզբանե ստեղծվել են քաղաքային շարժունակությունը կարգավորելու, կարճաժամկետ կայանումը խթանելու և փողոցների շարժը և քաղաքացիների հարմարավետությունը ապահովելու համար։ Սակայն տարիների ընթացքում այդ համակարգը վերածվել է լրիվ հակառակ երևույթի՝ մշտական կայանման, երբեմն նույնիսկ յուրօրինակ անօրինական «ավտոսրահների»։

Այսօր «կարմիր գծերի» զգալի հատվածներում ամիսներով, իսկ երբեմն տարիներով կանգնած են նույն մեքենաները։ Դրանք հաճախ վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներ են, որոնք փաստացի օգտագործում են հանրային տարածքը որպես անվճար ցուցասրահ կամ պահեստ։

Փողոցը, որը պետք է ծառայի քաղաքացիներին, փաստացի դարձել է բիզնեսի սպասարկող տարածք։

Փաստացի՝ փողոցային «ավտոսրահները», ավտոմեքենաների վաճառքով զբաղվող միջնորդները և անհատ վաճառողները իրենց մեքենաները կայանում են կարմիր գծերում՝ վճարելով նվազագույն գումար, երբեմն նույնիսկ խուսափելով վերահսկողությունից։

Այդ մեքենաները շաբաթներով չեն շարժվում, չեն օգտագործվում որպես տրանսպորտային միջոց, այլ պարզապես կանգնած են՝ սպասելով գնորդի։

Սա ակնհայտ անարդարություն է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրականում կարճ ժամանակով պետք է կայանեն՝ աշխատանքի, բժշկական հաստատության, խանութի կամ պետական կառույցի հարց լուծելու համար, բայց մեքենաները կարանելու ազատ տարածք չեն գտնում։ Ընդ որում շատ քաղաքացիներ տարեկան վաճրումներ են կատարել «կարմիր գծերում» կայանելու համար, սակայն այդ ծառայությունից հաճախ չեն կարողանում օգսվել։

Բայց, խնդիրը միայն կայանման հարցը չէ։ Ամիսներով անշարժ կամգնած այդ մեքենաները լուրջ խնդիր են ստեղծում փողոցների մաքրման աշխատանքների համար։ Երբ մեքենան չի շարժվում, անհնար է լիարժեք մաքրել ճանապարհահատվածը, ջրով լվանալ եզրագիծը կամ ձմռանը իրականացնել որակյալ ձնամաքրում։

Արդյունքում, առաջանում է պարադոքսալ իրավիճակ՝ քաղաքացիները հաճախ բողոքում են քաղաքի մաքրությունից, բայց միևնույն ժամանակ համակարգված կերպով խանգարում են մաքրությանը։

«Կարմիր գիծը» սեփականություն չէ։ Այն իրավունք չի տալիս ամիսներով զբաղեցնել հանրային տարածքը՝ անկախ նրանից վճարվել է դրա համար թե ոչ։

Այն կարգավորման գործիք է, ոչ թե բիզնես մոդել։

Եթե մեքենան օրերով չի շարժվում, ակնհայտ է, որ այն չի ծառայում քաղաքային շարժին։ Եթե մեքենան վաճառքի կամ վարձակալության է դրված, ապա դրա տեղը ավտոսրահում է կամ մասնավոր տարածքում, ոչ թե քաղաքային փողոցում։

Սակայն այս խնդիրը լուծելի է, եթե կա քաղաքական կամք։

Անհրաժեշտ է սահմանել «կարմիր գծերում» նույն մեքենայի անընդմեջ կայանման առավելագույն ժամկետ, վերահսկել վաճառքի կամ վարձակալության նպատակով կայանված մեքենաները,

կիրառել տուգանքներ կամ նույնիսկ տեղափոխում՝ երկարաժամկետ անշարժ մեքենաների դեպքում։

Քաղաքը բոլորինն է, ոչ թե մի քանիսինը

Երևանը չի կարող մաքուր, շարժուն և հարմար լինել, եթե հանրային տարածքը կամաց-կամաց սեփականացվում է։ Կարմիր գծերը պետք է վերադարձվեն իրենց սկզբնական իմաստին՝ ծառայել քաղաքացուն, ոչ թե փոխարինել ավտոսրահին։

Սա մանր խնդիր չէ։ Սա վերաբերում է քաղաքում ապրելու մշակույթին, արդարությանը և հանրային տարածքի նկատմամբ վերաբերմունքին։ Եթե սա չլուծվի, վաղը նույն տրամաբանությամբ «կարմիր գծերից» կանցնենք մայթերի, բակերի ու հրապարակների «մասնավորեցմանը»։

Leave a comment