Ի՞նչ է արել Բայդենը Փաշինյանին ու Ալիեւին

Իլհամ Ալիեւը երեկ գովել է Թրամփին՝ օկուպացված Շուշիում անցկացվող Մեդիաֆորումի ընթացքում, եւ քննադատել է Բայդենին։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ առհասարակ նախորդ ադմինիստրացիաներն առաջնորդվել են հակամարտությունը սառեցնելու տրամաբանությամբ, իսկ Թրամփը եկել ու հաստատել է խաղաղություն։

Իրականում, Ալիեւն իհարկե կեղծում, շողոքորթում է Թրամփին, իհարկե լավ իմանալով, որ դա նրան դուր է գալիս։ Ի վերջո, Փաշինյանն էլ, չէ՞, հայտարարեց, թե դժգոհ էր Բայդենի վարչակազմից։

Իրականում, հենց Բայդենի վարչակազմն է հարթել այն ճանապարհը, որ այսպես ասած՝ կապիտալիզացրել է Թրամփը։ Բայդենի վարչակազմն է, որ 2023 թվականից ի վեր ինտենսիվ կերպով զբաղվել է այն հարցերով, որոնք ամփոփվեցին Թրամփի ուղու ծրագրում։ Այնտեղ, ըստ էության, միայն անունն է Թրամփինը, իսկ բովանդակությունը Բայդենինն է։

Այլ հարց է, որ Թրամփի համար այդ ծրագիրը Մոսկվայի ու Պեկինի հետ սակարկության հարց է, իսկ Բայդենն այն դիտարկում էր Մոսկվայի ու Թեհրանի դեմ հակազդեցության գոտի, պլացդարմ, ամբարտակ։

Իհարկե, այդ տեսանկյունից Փաշինյանն ու Ալիեւը գոհ կլինեն, որովհետեւ Բայդենի տրամաբանությունը շատ ավելի պայթյունավտանգ էր, քան Թրամփինը։ Թրամփինը չի երաշխավորում խաղաղություն, ավելացրել է անորոշությունը, բայց Բայդենի դեպքում երաշխավորվում էր ռեգիոնալ կոնֆլիկտը։ Իսկ դա պետք չէր թե Փաշինյանին, թե Ալիեւին։ Նրանք երկուսն ավելի հարմարավետ ռեժիմով են ապահովում այն, ինչ պետք է իրենցից յուրաքանչյուրին՝ Փաշինյանը իշխանություն, Ալիեւը՝ այդ իշխանության միջոցով գերակայություն Հայաստանի նկատմամբ։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment