«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն, 3 մլն դրամ փոխհատուցում և դատական ծախսերի վճարում։
Դատարան դիմելու հիմք են դարձել նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներում Կարապետյանին վերաբերող որոշ հատվածներ, հայտնում է Factor.am-ը:
Մասնավորապես, գործարարը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցրած վիրավորանքի համար՝ հետևյալ բովանդակությամբ, կարգով և խորագրով․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:
Ըստ հայցի՝ Փաշինյանը ներողության այդ տեքստը պետք է հրապարակի ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով, «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո:
«Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Նիկոլ Փաշինյանի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»,- նշվում է հայցադիմումում։
Վիրավորանքի դիմաց փոխհատուցման պահանջով Սամվել Կարապետյանը դատարանին խնդրել է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 3 մլն դրամ։ Նա պահանջել է նաև փոխհատուցել դատական ծախսերը, որոնք ներառում են պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։
Հայցադիմումը դատարանը ստացել է սեպտեմբերի 9-ին, որից հետո այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Եթե Սամվել Կարապետյանի համար սա Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված առաջին հայցադիմումն է, ապա վարչապետն արդեն երկու անգամ դատարան է դիմել Կարապետյանի դեմ։ Փաշինյանը պահանջել է պարտավորեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահին հերքումներ հրապարակել, ինչպես նաև յուրաքանչյուր հայցով նրանից որպես փոխհատուցում բռնագանձել 6-ական մլն դրամ։