Ծառուկյանին ապօրինի զրկեցին մանդատներից, որոնք ընտրակաշառքով էր ստացել, փոխանակ՝ պետությունը կաշառքի դեմն առներ․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում չի համարում, քանի որ վերջինիս չի դիտարկում որպես քաղաքական գործիչ։ Նրա համոզմամբ՝ Ծառուկյանը բիզնեսմեն է, որը քաղաքականություն է մտել բացառապես իր բիզնես շահերը սպասարկելու նպատակով։

Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համեմատությանը, իբր, որպես քաղաքականություն մտած բիզնեսմեններ, Իոաննիսյանը նշեց հիմնարար տարբերությունը. «Թրամփը քաղաքական գործիչ է, որը նաև բիզնեսմեն է։ Իսկ Ծառուկյանը… ասացե՛ք Ծառուկյանի քաղաքական հայացքները։ Ծառուկյանը բիզնեսմեն է, որը ձեռքի հետ, որպեսզի իր բիզնես շահերը սպասարկի, տասնամյակներով ունեցել է աթոռ խորհրդարանում։ Հիմա էլ, վերջին կես տարում, օտարերկրյա միջամտության դերակատար է որպես հանդես եկել, ավելի ճիշտ՝ օտարերկրյա միջամտության գործիք»,- ասաց նա։

Ըստ Իոաննիսյանի՝ Ծառուկյանը չունի ձևավորված քաղաքական հայացքներ ու մոտեցումներ, ուստի նրա նկատմամբ հետապնդումը չի կարող պայմանավորված լինել դրանցով։

«Իր քաղաքական հայացքները որո՞նք են, իր մոտեցումները որո՞նք են։ Կամ ինչո՞ւ են իրեն քաղաքական հայացքների համար հետապնդում, իսկ, օրինակ, Հայկ Մարությանին չեն հետապնդում»,- հարցադրում արեց նա։

Իոաննիսյանը զուգահեռ անցկացրեց հայտնի գանգստեր Ալ Կապոնեի դեպքի հետ՝ պարզաբանելու իրավիճակը․ «Ալ Կապոնեին ի՞նչ հոդվածով են դատել։ Պետությունը որոշել էր, որ Ալ Կապոնեն պիտի դատվի, որ Ալ Կապոնեն պիտի նստի։ Ի՞նչ արեցին. գնացին քրեական օրենսգրքի մի նոր հոդված հորինեցին։ Որովհետև պետությունը հավաքվեց, ասաց՝ չհասկացա, լավ, հիմա չենք կարողանում ապացույցներ հավաքել, որ այս մարդը սպանություններ է անում, բայց մենք կարո՞ղ ենք համակերպվել նրա հետ, որ ինքն ազատության մեջ է։ Չենք կարող»։

Նա նաև քննադատեց Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքի որակը՝ նշելով, որ համակարգը հազվադեպ է կարողանում գործն ավարտին հասցնել առանց ընթացակարգային խախտումների։ 

«Մեր երկրում իրավապահները երբ կարողանում են ջեբկիր բռնել առանց օրենք խախտելու, դա արդեն զարմանալի է։ Դա բացառություն է լինում։ Որպես կանոն՝ կա՛մ ջեբկիրին չեն հասցնում մինչև մեղադրական դատավճիռ, կա՛մ արանքում մի յոթ օրենք են խախտում, որ այս ջեբկիրին կարողանան դատել»,- նշեց նա։

Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Իոաննիսյանը ներկայացրեց զարգացման երկու հնարավոր, բայց հավասարապես տխուր սցենար․ «Կա երկու սցենար, որքան էլ դա տխուր հնչի։ Սցենար մեկ՝ ռուսները վերցնում են այստեղ իշխանություն, և մենք ունենում ենք ժողովրդավարություն մոտավորապես այնքան, ինչքան Ադրբեջանում է կամ Ռուսաստանում։ Եվ տարբերակ երկրորդ՝ ռուսները չեն վերցնում իշխանություն, բայց իշխանությունը չվերցնելու սահմաններում Հայաստանի իշխանություններն են բավականին հետ գլորվում ժողովրդավարության կոնտեքստում»։

Իոաննիսյանը խոստովանեց, որ այս մեթոդները վտանգ են պարունակում, և իշխանությունը կարող է դրանք կիրառել նաև իր քաղաքական ընդդիմախոսների դեմ։ 

«Այո՛, իհարկե, տեսնում եմ այդ վտանգը։ Արթուր Ոսկանյանի դեպքն այդպիսին էր։ Ռիսկը ոչ թե տեսնում ենք, մենք արդեն այդ ռիսկի դրսևորումներն էլ ենք տեսել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը կանգնած է վատ և շատ վատ տարբերակների միջև ընտրության առաջ։

Միաժամանակ, նա քննադատեց վարչապետին՝ արդարադատության համակարգի վերաբերյալ հայտարարությունների համար. «Երբ ասում է՝ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, թող մի հատ ասի՝ ինչի՞ է արդարադատությունը ֆիզիկապես ավելի թանկ դարձել։ Ուղղակի, բառացիորեն ավելի թանկ դարձել իրենց իսկ ընդունած երկու օրենսդրական փոփոխություններով, մեկը՝ պետտուրքերի հետ կապված, մյուսը՝ փաստաբանների հարկերի»։ 

Ըստ նրա՝ այս փոփոխությունները հասարակ քաղաքացու համար դատարան դիմելը դարձրել են «թանկ հաճույք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

 

 

Leave a comment