Վարդավառի օրվա ավարտին անկառավարելի իրավիճակ, զանգվածային ծեծկռտուք՝ Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ․ ո՞րն է եղել պատճառը

Երեկ՝ Վարդավառի օրվա ավարտին՝ երեկոյան ժամը 21․00-ի սահմաններում, անկառավարելի իրավիճակ է ստեղծվել Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ։ Եկեղեցու բակը սովորաբար միշտ մարդաշատ է լինում․ ցերեկվա ժամերին տարեց տղամարդիկ թուղթ կամ նարդի են խաղում, իսկ երեկոյան մարդիկ դուրս են գալիս զբոսանքի, հանգստանալու։

Այնպիսի մի իրարանցում, վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել, որ հավաքվածները սարսափահար են եղել։ Հարակից շենքերի բնակիչների պատմելով, այս թաղամասում նման կարգի ծեծկռտուք՝ մոտ 50-70 հոգու մասնակցությամբ, որը տևել է մոտ 1 ժամ ու ուղեկցվել է բղավոցներով, սարսափահար եղած երեխաների լացով, ճիչերով, երբեք չէին տեսել։

Aravot.am-ի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ տարիքով մի տղամարդ իր շանն է դուրս հանելու զբոսանքի․ երեք երիտասարդներ նրա ճանապարհը փակել են՝ հեգնախառն տոնով ասելով՝ շունդ ճանապարհը փակում է։ Շան տերը ծեծռտուքի մեջ է մտել երեք երիտասարդների հետ, կարճ ժամանակ անց տարբեր կողմերից մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ միջադեպը վերածելով զանգվածային ծեծռտուքի։

Ոստիկանները կարողացել են կարգի հրավիրել բոլորին։ Մարմնական լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել, թեթև վնասվածքներ են ստացել։

Գյումրի բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ ոստիկանների ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել տուժածներից մեկը, որին ամբուլատոր օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment