Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հրապարակվել է ՊՈԱԿ-ի կողմից 2025-ին իրականացված աշխատանքների թվային ամփոփը: Տարվա ծավալուն աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունն այստեղ է՝ https://bit.ly/4r4gMOT։
ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը հյուրընկալել է ՄԱԿ ՊԳԿ (FAO) միջոցով իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՇՄՆ-ից։
«Քննարկվել է 2026-ին ծրագրային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ աշխատանքի պլանավորումից՝ ցանքսի և սերմնաբուսակների աճեցման, տնկման շուրջ մասնագիտական-տեխնիկական մոտեցումներից մինչև անտառտնկման գործընթացն արդյունավետ և սահուն կազմակերպելուն ուղղվող կարիքների վերհանում։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի՝ WWF Armenia-ի հետ համագործակցությամբ ՊՈԱԿ–ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ է իրականացվել, այդ թվում՝ ֆոտոթակարդների միջոցով։ Նշենք, որ 2025-ին մասնաճյուղի՝ կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում տեղադրվել և սպասարկվում է 10 ֆոտոթակարդ, որից 7-ը տրամադրվել է WWF Հայաստանի -ի կողմից:
Արգելոցապարկային Համալիր-ում
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի պետական համալսարանի դասախոսական կազմին և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներին:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են դենդրոպարկի կենսաբազմազանությանը, բնական առանձնահատկություններին և աշխարհագրական դիրքին։
Այցի նպատակն էր ուսանողների կողմից ստեղծել դենդրոպարկի տուրիստական քարտեզներ և թվային մոդելներ, որոնք հետագայում կտրամադրվեն դենդրոպարկին՝ զբոսաշրջային և կրթական նպատակներով օգտագործման համար։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ում
ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) հետ համատեղ շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները։
Տեղադրված ֆոտոբռնիչ սարքերի կողմից արձանագրվել են մի շարք կենդանատեսակներ, այդ թվում՝ Եվրոպական լուսան, Բեզոարյան այծ, Գորշ արջ, Փորսուղ, Վայրի խոզ և այլն։
Կազմակերպվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանության ու անտառային հրդեհների կանխարգելման միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված էկոկրթական հանդիպում՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կենսաբազմազանության պահպանության մեթոդները, էկոհամակարգերի խաթարման դրդապատճառները, մասնավորապես՝ անտառային հրդեհների առաջացման գործոնները, տեսակներն ու վտանգավորության աստիճանները, կանխարգելման մեթոդները։
Ներկայացվել են նաև ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքները։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
ՊՈԱԿ թանգարան են այցելել Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտներին ներկայացվել են պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, պատմամշակութային հուշարձանները, բուսական և կենդանական աշխարհը:
Arloopa հավելվածի միջոցով լուսանկարվել են ընձառյուծի հետ:
Դիտել են ֆոտոթակարդների կողմից նկարահանված կադրերը:
Խոնավ տարածքների համաշխարհային օրվա կապակցությամբ Վեդու ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվել էր էկոկրթական հանդիպում։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է խոնավ տարածքների դերն ու նշանակությունը բնապահպանական հավասարակշռության և մարդու կենսագործունեության համար, ինչպես նաև խոնավ տարածքների պահպանմանն ուղղված իրականացվող միջոցառումները։
Քննարկվել են Հայաստանում Ռամսարի կոնվենցիայի ցանկում ընդգրկված խոնավ տարածքները, ներկայացվել են այդ տարածքներում հանդիպող հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բուսական և կենդանական տեսակները։
«Դիլիջան» ազգային պարկում
ՊՈԱԿ-ի գիտական բաժնի մասնագետներն այցել են Գոշի հիմնական դպրոց։
Այցելության շրջանակում 5–9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել և անց է կացվել ինտերակտիվ բնապահպանական և էկոկրթական դասընթաց-սեմինար։ Դասընթացի ընթացքում ներկայացվել է «Դիլիջան» ազգային պարկի կենսաբազմազանությունը, քննարկվել են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանատեսակները, անդրադարձ է կատարվել բնության մեջ մարդու վարվելականոններին, ինչպես նաև բնության պահպանության կարևորությանը։
«Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են դաշտային շրջայցեր պարկի տարբեր հատվածներում։
Կենդանական աշխարհի ուսումնասիրման նպատակով տեղադրվում, ինչպես նաև նորերով փոխարինվում են ֆոտոթակարդներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել կենսաբազմազանության արդյունավետ մոնիթորինգ։
Հայաստանի բնության պետական թանգարանում
Թանգարանում կայացել է էկոկրթության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել բնապահպանական գիտակցությունը, տարածել էկոլոգիական կրթության գաղափարներ և ներգրավել երիտասարդներին ու հասարակությանը բնության պահպանության հարցերում»,-ասված է հաղորդագրության մեջ։