Արման Աբովյան. Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է. «Փաստ»

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման փաստը։ Նախ՝ ԲՀԿ-ն ԿԸՀ «թեթև ձեռքով» զրկվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ստացած քվեներից։ Այդ գործընթացը «մանդատագողություն» անունը ստացավ։ Շատերը գուցե ենթադրում էին, որ ամեն ինչ այսքանով կավարտվի, բայց ոչ։ «Հաշվի առնելով իշխանությունների ոչ ադեկվատ լինելը, պատրաստ էինք յուրաքանչյուր զարգացման, այսինքն՝ մեզ համար սա մեծ անակնկալ չեղավ։ Հաշվի առնելով այն, թե ինչեր է արել այս իշխանությունը մեր երկրի գլխին, ինչ է շարունակում անել և ինչ է պլանավորում անել, ապա այս իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա։ Սա լիովին նեոթուրքական «փաշիզմի» արտահայտումն է, որն, ըստ էության, դասական ֆաշիզմի ամենանողկալի, ամենազզվելի, ամենապրիմիտիվ դրսևորումն է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա, այո, սպասելի էր տեղի ունեցածը։ Բացի սպասելին, փորձում էինք հասկանալ՝ լավ, հիմա ի՞նչ պետք է հորինեն։ Պարզ է՝ այնքան ամբարտավան են, գնացել, ոչ ադեկվատ, հիմար բաներ են հորինել և այդ պատրվակով փորձում են Ծառուկյանին պատժել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Հասկանալի է, որ այս քայլերի հետևանքով տուժելու է ոչ միայն Գագիկ Ծառուկյան անհատը, այլ երկրի հեղինակությանն է մեծ վնաս հասցվելու, սպորտի, տնտեսության և այլ բնագավառները, որտեղ նա գործունեություն է ծավալում, մեծ վնասներ են կրելու։ «Ունեմ հիմնավոր կասկած, որ այս գործընթացը թելադրված է ոչ միայն իշխանությունների կողմից վրեժխնդրությամբ, չնայած դա կա, ոչ թե ադեկվատությունից դուրս ընկնելու պահով, այլ նաև արտաքին պատվերով, քանզի, օրինակ՝ թուրքերն ու ադրբեջանցիները հիմա երևի շամպայն են պայթեցնում Բաքվում ու Անկարայում, քանզի այն մարդը, որն իրենց «բկին կանգնած» է եղել, այսինքն՝ թշնամական պետությունների «բկին», այսօր անազատության մեջ է։ Դրա հետ մեկտեղ՝ եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը պաշտոնապես ունի դոկտրին՝ թույլ չտալ Հայաստանի ամրապնդումը, պետք է թուլացնեն մեր տնտեսությունը։ Ի վերջո, ունեն, չէ՞, «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը, որը հնարավոր է իրականացնել միայն, եթե Հայաստանը մաքսիմալ թուլացած է։ Այո, չեմ հավատում զուգադիպությունների, չկա զուգադիպություն, կա հստակ միտում, և այդ միտումը, ինչ հեքիաթ ուզում է պատմեն, ինչեր ուզում է՝ ասեն, լրիվ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանդեպ թշնամի պետությունների քաղաքականությանը։ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը չի կարելի դիտարկել լոկ անձնային տիրույթում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ամեն օր մեր երկրում ավելանում է քաղբանտարկյալների թիվը։ Երբեմն անունների ցանկն այնքան երկար է, որ չես նշում մեկին, որ հանկարծ չմոռանաս մյուսին։ «Այն, ինչ հիմա կատարվում է, ուղիղ ապացույց է՝ Ազգային ժողովը, որը ձևավորվելու է, և կառավարչական համակարգը, որը գործելու է, չունի լեգիտիմություն։

Եթե նախկինում մարդկանց խաբելով, ստելով, վախեցնելով, ինչ-որ ձև ահաբեկելով՝ ստացվում էր ստանալ գոնե դե յուրե լեգիտիմություն, ապա այսօր ունենք իրավիճակ, երբ լեգիտիմություն թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո չկա։ Այնպես չէ, որ իշխանությունը դա չի հասկանում։ Դրա համար, օրինակ՝ ինքն էլ է կասկածներ արտահայտում լեգիտիմության պահով։ Ասում են, որ բոլորը, ովքեր ձայն են տվել ընդդիմությանը, կաշառք են վերցրել և այլն։ Մի կողմ եմ թողնում հարցի բարոյական կողմը, երբ վիրավորում են հարյուր հազարավոր մարդկանց։ Այս իշխանությունը գիտի մի բան. ընտրությունների ժամանակ նա չստացավ Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնության ձայները, 50 տոկոսն էլ չհատեցին՝ այդքան ջարդելով, մեքենայություն անելով, ձայներ գողանալով, «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելով։ Տեղի ունեցողն այս ամենի արտահայտումն է։ Իրենք պարզապես չեն հասկանում մի կարևոր նրբերանգ։ Իրենց թվում է, որ պայքարելով ընդդիմության դեմ՝ կկարողանան լռեցնել հասարակ մարդկանց, ովքեր այս իշխանությանն ասացին՝ գնացեք տուն։ Իրենք հիմա Ծառուկյանի դեմ չեմ պայքարում, պայքարում են, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն է՝ նրանց կամարտահայտության դեմ։ Սա լրիվ տեղավորվում է այս իշխանության տրամաբանության մեջ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment