Չինաստանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ առաջիկա հինգ տարիների համար չի սահմանել քաղաքային բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծման քանակական նպատակային ցուցանիշ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հղում անելով Չինաստանի Մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարության հրապարակած 2026-2030 թվականների հնգամյա ծրագրին, իշխանությունները մտադիր են պահպանել քաղաքներում ստեղծվող նոր աշխատատեղերի թիվը «բարձր մակարդակի» վրա։ Միաժամանակ տարեկան նպատակային ցուցանիշները կսահմանվեն ճկուն կերպով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա տնտեսական պայմանները։
Bloomberg-ի գնահատմամբ՝ սա առնվազն 1990-ականներից ի վեր առաջին դեպքն է, երբ քաղաքային նոր աշխատատեղերի ստեղծման առանցքային ցուցանիշը չի ներառվել երկրի միջնաժամկետ տնտեսական ծրագրում։
Գործակալության կարծիքով՝ կոնկրետ թվից հրաժարվելը վկայում է այն բարդ խնդրի մասին, որի առաջ կանգնած է Չինաստանը։ Իշխանությունները միաժամանակ փորձում են պաշտպանել երկրի հսկայական աշխատաշուկան արհեստական բանականության հետևանքով աշխատատեղերի հնարավոր կրճատումից և շարունակել տեխնոլոգիական մրցակցությունը ԱՄՆ-ի ու մյուս առաջատար երկրների հետ։
Ծրագրում նշվում է, որ կառավարությունը «համակողմանիորեն հաշվի կառնի արտաքին միջավայրի փոփոխությունների և նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, ազդեցությունը զբաղվածության վրա»։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ արդյունաբերական վերափոխումները և ժողովրդագրական փոփոխությունները ստեղծում են «նոր մարտահրավերներ տնտեսական զարգացման և սոցիալական կառավարման համար»։
Bloomberg-ի հղումով՝ մարտին հրապարակված կառավարության տարեկան աշխատանքային զեկույցում Չինաստանը 2026 թվականի համար նպատակ էր սահմանել ստեղծել ավելի քան 12 միլիոն նոր քաղաքային աշխատատեղ՝ միաժամանակ ապահովելով տնտեսության 4.5-5% աճ։ Գործակալությունը նշում է, որ սա երկրի տնտեսական աճի ամենացածր նպատակային ցուցանիշն է՝ 1991 թվականից ի վեր։
Հոդվածում նաև նշվում է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում Չինաստանի պաշտոնական նպատակը եղել է ստեղծել ավելի քան 55 միլիոն նոր քաղաքային աշխատատեղ։ Համեմատության համար՝ 1996-2000 թվականների հնգամյա ծրագրում, երբ սկսեցին կիրառվել համադրելի վիճակագրական տվյալներ, նախատեսվում էր ստեղծել 40 միլիոն նոր աշխատատեղ։