Լիլիթ Աղեկյան. «Փոխանակ իշխանությունն ինձ շնորհակալություն հայտնի, որ կոռուպցիան բացահայտել, դրել եմ դեմները, փաստորեն, ինձ հիմա դատում են»

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը եւ գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը «Հայելի» ակումբում պատմեցին տիկին Աղեկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին, որը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ լրագրողը բացահայտել եւ հրապարակել է, որ Գյումրու համայնքային ոստիկանության կոնկրետ աշխատողներ արդեն շուրջ երեք տասնամյակ զավթել են համայնքապատկան մանկապարտեզի շենքը եւ ընտանիքով բնակվում են այնտեղ։ Իսկ գյումրեցի երեխաները ստիպված հաճախում են տնակային մանկապարտեզ։

«Անկեղծ ասած, այստեղ եմ գտնվում, որովհետեւ պաշտպանվելու եւ ձեր հանրային պաշտպանության կարիքն ունեմ։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում այս պատմության մեջ։ Որպես լրագրող, ես 2023 թվականի մարտի 27-ին որոշակի ինֆորմացիա ստանալով, որ Գյումրու Մուսայելյան-84 հասցեում գտնվող համայնքապետարանին պատկանող երկհարկանի մանկապարտեզը զբաղեցրել են ոստիկաններ Յաշա Պողոսյանի եւ Էդգար Պողոսյանի ընտանիքները՝ գնացել եմ այդ վայր, որտեղ իրենք արդեն 35 տարի ապօրինաբար լցվել են այդ շենքը եւ ներքեւում էլ երեւի ապօրինի բիստրո են աշխատեցնում։ Ոչ մի իշխանություն նրանց չի կարողացել այդտեղից վտարել, իսկ Գյումրու երեխաները տնակային մանկապարտեզ են հաճախում, որովհետեւ այդ զոռբաների դեմը որեւէ մեկը չի առնում մինչեւ այսօր։ Ես եղել եմ այնտեղ եւ բռնության եմ ենթարկվել։ Տվել եմ հաղորդում։ Մարտի 28-ին ոստիկանության Կումայրի բաժինը ընդունել է իմ հաղորդումը եւ նույն օրը ինձ տուժող ճանաչելու որոշում է կայացվել՝ նշանակելով նաեւ դատաքննական փորձաքննություն, ինչը չի անցկացվել։ Ես այս գործով եղել եմ տուժող»,- ասաց Լիլիթ Աղեկյանը։

Այնուհետեւ նրանք ներկայացրին հետագա զարգացումները, որոնց արդյունքում Լիլիթ Աղեկյանը ենթարկվելով բռնաճնշումների, ի վերջո տուժողից վերածվել է մեղադրյալի։

«Հիմա ես հարց ունեմ այս պետությանը։ Դուք ասում եք՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Ես ճի՞շտ եմ ընկալել ձեզ։ Գուցե ճիշտ չեմ ընկալել։ Մի բան է հռետորաբանությունը, այլ բան՝ իրական կյանքը։ Բացահայտել եմ կոռուպցիա։ Կոռուպցիան միայն «հախ» տալը չէ, կոռուպցիան խեղումն է։ Պետություն, իշխանություն, ուղիղ դիմում եմ ձեզ։ Բացահայտել, դրել եմ դեմներդ, թե ոնց է ոստիկանական ընտանիքը 35 տարի օկուպացրած պահում մանկապարտեզի շենքը։ Ես գիտեմ, իշխանություններ՝ ձեզ եղել են բազմաթիվ բողոքներ, դիմումներ ծնողներից՝ խնդրին լուծում տալու համար։ Չեք տվել լուծում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան, ձեզ եմ դիմում։ Ձեզ ձեռ է տալի՞ս, ձեզ դուր է գալի՞ս նման ոստիկան ունենալը, որը մանկապարտեզը խլել է գյումրեցի երեխաներից եւ ընտանիքով այնտեղ բնակվում են»,- ասաց Լիլիթ Աղեկյանը։

Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց. «Հարգելի կառավարություն, հարգելի տիկին Գալյան։ Այս գույքը ինչո՞ւ չի վերադարձվում իրական տիրոջը։ Համայնքապատկան գույքը ինչո՞ւ չեք վերադարձնում երեխաներին։ Բայց խոսում եք մասնավոր անձանց սեփականության գույքերի նկատմամբ ինչ-որ նպատակների մասին»։

Լիլիթ Աղեկյանը շարունակեց. «Փոխանակ իշխանությունն ինձ շնորհակալություն հայտնի, ասի՝ ապրես, մեզ օգնում ես կոռուպցիան բացահայտել, մեր միջի կեղտը հանել, փաստորեն ինձ հիմա դատում են։ Եվ փորձ է արվում իմ նկատմամբ մեղադրական վճիռ կայացնել, երբ ես բացահայտել, դրել եմ այս պետության առջեւ, հանրային շահն եմ սպասարկել, պետությանն եմ օգնել, որ գնան օրինախախտման հետեւից»։

«Սա, այս տեսակի հետապնդումները ունեն համակարգված բնույթ։ Ես փորձեցի վիճակագրություն անցկացնել, թե ընդհանրապես քրեական օրենսդրության 490 հոդվածի 2-րդ մասով ում է մեղադրանք առաջադրվել եւ այդ գործերը վարութային ինչ փուլում են գտնվում։ Պարզվեց՝ մասնագետներին։ Օրինակ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւ, դասախոս, վերլուծաբան, հրապարակախոս Գագիկ Համբարյան։ Այսինքն, այն մասնագետները, որոնք իրենց մասնագիտական գործունեության արդյունքում ձեռք են բերել որոշ տեղեկություններ իրավապահ մարմինների՝ դատավորների, դատախազների, քննիչների վերաբերյալ եւ համարձակվել են այդ տեղեկությունները հրապարակել, դրանց մասին խոսել, այսօր, ըստ էության, սկսել են հետապնդվել ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածի 2-րդ մասով, որն անմիջապես փորձ է կատարում սահմանափակել մասնագետների խոսքի ազատությունը։ Այսինքն, կարող ենք արձանագրել Հայաստանում խոսքի ազատության զանգվածային բռնաճնշումների մասին»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment