/․ Հուլիսի 10–ից ուժի մեջ է մտնում «Ծնողական ժամ» կարգավորումը․ ինչպե՞ս է այն գործում
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 10–ից ուժի մեջ է մտնում «Ծնողական ժամ» կարգավորումը, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ի՞նչ է դա նշանակում
Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը
Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
• մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
• մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
• մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Ինչպե՞ս օգտվել
Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։
Կարևոր է իմանալ․ ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։