Վարդավառին ուժեղացված ծառայություն է լինելու․ ի՞նչ են անելու ոստիկանները

Հայ առաքելական եկեղեցին այս կիրակի՝ հուլիսի 12-ին, կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը ժողովրդին առավել հայտնի է որպես Վարդավառ։

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ Վարդավառի օրը նախարարությունը կիրականացնի ուժեղացված հսկողություն հանրապետության ողջ տարածքում։ Վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում, ՆԳ նախարարությունն անցնելու է ուժեղացված հսկողության՝ պատահարներն ու հնարավոր միջադեպերը բացառելու նպատակով։

 

«Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են ուժեղացված ծառայություն՝ հետևելով անվտանգության կանոնների պահպանմանը։ Պարեկները ուժեղացված հսկողություն են իրականացնելու նաև բոլոր ճանապարհներին ու լողափերին»,- MediaHub-ի հետ զրույցում ասացին ՆԳՆ-ից։

 

Նշենք, որ Վարդավառը Հայաստանի ամենասիրված ու զանգվածային տոներից է, որը համատեղում է քրիստոնեական և նախաքրիստոնեական (հեթանոսական) ավանդույթները։ Քրիստոնեական հավատքի համաձայն՝ այս օրը հիշատակվում է Քրիստոսի Պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա՝ առաքյալների առջև։ Մինչդեռ տոնի արմատները հասնում են նախաքրիստոնեական շրջան. հնում այն կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Այդ օրերին Աստղիկին նվիրված մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում․ մարդիկ վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Այս վերջին սովորությունը՝ որպես ջրի պաշտամունքի խորհրդանիշ, պահպանվել է նաև մեր օրերում և վերածվել տոնի ամենասպասված ու զվարճալի մասի։

 

Մարիաննա Արամյան

Leave a comment