Էդիկ Մալոյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի
ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի կալանավորման գործով այսօր վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արտակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրը հուլիսի 2-ին կալանավորվել էր։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերելու եւ հրապարակելուն դրդելու մեղադրանքով։ Էդիկ Մալոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Բացի Էդիկ Մալոյանից, այս գործով կալանավորվել է նաեւ մեկ այլ անձ՝ Ռոման Ջավադյանը։
Գործով դատավորը եղել է Մասիս Մելքոնյանը։
Էդիկ Մալոյանը 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ գրագետ մարտավարությամբ և առանց կորուստների փոքրաթիվ խմբով գրոհել է հակառակորդի զբաղեցրած դիրքի վրա։ Թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել դիրքը՝ հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ և ստիպելով նրան նահանջել ելման դիրքեր։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Մարտակերտի գնդի փոխհրամանատարն է եղել։