«Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը»․ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին

«Մենք Հայաստանի ներքաղաքական հարցերին չենք միջամտում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հարց էր հնչել ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի հետ և շուրջ կատարվողի մասին։

Հիշեցնենք, որ նրան վերագրվող քրեական գործում ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։ Սակայն գերիշխող է տեսակետը, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվողը քաղաքական հետապնդում է՝ ՀՀ իշխող ուժի քաղաքական պատվերը։

Դեսպանն ընդգծեց՝ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, ԻԻՀ-ն շնորհավորել է հաղթող կողմին և հավելեց, որ երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, դա երբեք չի կարող բերել որևէ լավ արդյունքի։ Հույս հայտնեց, որ «Հայաստանի բոլոր ուժերը կկարողանան միասնական լինել ազգային նպատակների գաղափարների շուրջ»։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի և ԻԻՀ գործարարների չկայացած համագործակցությանը, դեսպանն ասաց՝ իրանական կողմը շատ է ցավում և ափսոսում է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագիծը հաջողության չհասավ. «Ցանկանում էինք հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնել, որի աշխատանքներում ներգրավված էին և՛ իրանցիներ, և՛ Գագիկ Ծառուկյանը։ Ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերը ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ։ Փորձել ենք ամեն ինչ անել, որ կոնսենսուսի ու զիջումների արդյունքում հասնենք համաձայնության։ Մինչև վերջերս էլ կապի մեջ էի երկու կողմերի հետ։ Ամեն դեպքում, քանի որ հիմա գործ ունենք քրեական գործի հետ, հույս ունենք, որ ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել հարցն ու հասնել որևէ արդյունքի։ Մենք բնավ չէինք ցանկանա, որ որևէ սև բիծ մնար հարաբերությունների համատեքստում, մեզ համար անցանկալի է, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, որ Հայաստանի ու Իրանի քաղաքացիները չկարողացան իրար հետ աշխատել ու հիմա տարաձայնություններ ունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի ուշ՝ հստակեցնող հարցին՝ պարոն դեսպանն արդյոք այն կարծիքին է, որ Գագիկ Ծառուկյանը խարդախության միջոցով իրանցի գործարարներից հափշտակել է ներմուծվող ապրանքը, դեսպան Խալիլ Շիրղոլամին պատասխանեց. «Կողմերի միջև ի հայտ են եկել որոշակի տնտեսական անհամաձայնություններ այն ծրագրի շրջանակներում, որոնք իրենք նախաձեռնել են միահամուռ ուժերով։ Այս նախագիծը մշտապես օգտվել է ՀՀ կառավարության և ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից։ Ցավոք, նախագիծը հաջողության չի հասել։ Կարող ենք ասել՝ տապալվել է։ Բուն վեճի, տարաձայնության հիմնական թեման հենց առևտրային ոլորտին է վերաբերում, ինչպես նաև այլ համագործակցություններին, որոնցում կողմերը չկարողացան արդյունքի հասնել։ Ինքս կարծում եմ, որ որոշակի միջնորդության արդյունքում կարող ենք հասնել կողմերի միջև համաձայնության»։

Դեսպանը հայտարարեց՝ ցանկալի չէ, որ տարաձայնությունների և նմանօրինակ վեճի մասին քննարկումները հանրային դառնան։ Նա հավելեց՝ երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեցել են մեղադրանքներ։ Ինքը՝ հետամուտ լինելով ԻԻՀ քաղաքացիների շահերին, փորձել է կապի մեջ լինել երկու կողմերի հետ էլ։ Այժմ գործն իրավական փուլում է, և ինքն առանձին մանրամասներին և դետալներին չի անդրադառնա։ Հուսով է՝ արդար քննություն կլինի։

Ավելի ուշ հնչած լրագրողի դիտարկմանն էլ, որ ՔԿ-ից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Իրանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս դեսպանները գործի մանրամասներին տեղյակ են, ինքը խոսե՞լ է նախկին դեսպանի հետ, դեսպան Խալիլ Շիրղոլամին արձագանքեց՝ ասելով, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի և կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված էր Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպանը. «Գույքը և տարածքը, որը նախատեսված էր առևտրի կենտրոնի ստեղծման համար, պատկանում էր պարոն Ծառուկյանին։ Շատ լավ համագործակցություն ձևավորվեց, և կենտրոնի բացման արարողությունն էլ պաշտոնապես տեղի ունեցավ։ Ցավոք, աշխատանքի հետագա զարգացման ընթացքում որոշակի առևտրային, տնտեսական տարաձայնություններ առաջացան, և նրանք դադարեցրին իրենց համագործակցությունը։ Եվ, իհարկե, երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը»։

Դեսպանն ասաց, որ այս ծրագրից զատ տվյալ գործարարների միջև նաև այլ նախագծերում համագործակցություն կար, բայց դա էլ դադարեցվեց։ Ինքն անձամբ ցավում է, քանի որ թե՛ առևտրային, թե՛ էներգետիկ ոլորտներում կողմերի պոտենցիալը հնարավորություն կտար շատ լայն հորիզոններ բացելու։

«Ես ինքս ճիշտ չեմ գտնում մեր նախկին դեսպանի փոխարեն որևէ կերպ արձագանքելու այս հարցին։ Իմ ցանկությունն է, որ այս խնդիրը հնարավոր լինի լուծել քննարկման, փոխզիջման, խաղաղ ճանապարհով։ Անձամբ մի քանի քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ և բավականին ջանք եմ գործադրել։ Բայց ես իրավասու չեմ գործի մանրամասների վերաբերյալ իմ գնահատականը հայտնելու»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment