Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման համար գումար կհատկացվի
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում միջոցառմամբ 2026 թ նախատեսված է քսան միլիարդ հարյուր տասնմեկ միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար դրամ գումարի չափով բյուջետային վարկ։
Սակայն Ընկերությունը ՀՀ ֆինանսների նախարարության հետ չի կարողանում կնքել պայմանագիր, քանի որ սահմանված չեն բյուջետային վարկի տրամադրման պայմաններ:
Գործադիր մարմնի նիստում ընդգրկված նախագծով առաջարկվում է սահմանել բյուջետային վարկի տրամադրման պայմաններ, ըստ որի հնարավոր կլինի սահմանված կարգով ՀՀ ֆինանսների նախարարության հետ կնքել պայմանագիր: Հաշվի առնելով, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի 100 տոկոս սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, ուստի արդեն իսկ տրամադրված վարկային պայամանագրի պայմանները հաստատման է ներկայացվում ՀՀ կառավարության որոշմամբ: Բյուջետային վարկի մարման ժամկետ է սահմանվում 10 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ, իսկ տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվելու է կիսամյակային հավասարաչափ մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին եւ դեկտեմբերի 25-ին,իսկ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է կիսամյակային մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին եւ դեկտեմբերի 25-ին՝ սկսած բյուջետային վարկի մասնաբաժնի փաստացի տրամադրման ամսաթվին հաջորդող՝ սույն ենթակետով սահմանված վճարման ամսաթվից; Ի դեպ, վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
Նախագիծը գործադիր անդամներին ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սահմանված ժամկետներում կնքել բյուջետային վարկի պայմանագիր, իրականացնել պայմանագրերով նախատեսված վճարումները, կնքել համապատասխան պայմանագրեր եւ նախատեսված ժամանակահատվածում իրականացնել համապատասխան աշխատանքները: