Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Քաջարանի թունելի կառուցման նախագիծը հայ-իրանական հարաբերությունների ձեռքբերումներից մեկն է՝ ընդգծելով երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության կարևորությունը։
Դեսպանի խոսքով՝ մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնական արարողությամբ տրվել է Քաջարանի թունելի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու երկրների փոխվարչապետերը, ինչպես նաև դեսպաններ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ։
Շիրղոլամինը նշել է, որ Քաջարանի շրջակայքում աշխատանքներն արդեն ընթանում են ակտիվ տեմպերով, իսկ իրանական կապալառու ընկերությունը ծրագրի շրջանակում գրանցել է դրական արդյունքներ։
Նրա խոսքով՝ իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքների մի մասը՝ կառուցվել են երկու հիմնական թունելները, իրականացվել են կամուրջների և այլ ենթակառուցվածքների աշխատանքներ։ Դեսպանը հույս է հայտնել, որ մինչև 2027 թվականի վերջ հնարավոր կլինի կազմակերպել այդ հատվածի շահագործման պաշտոնական բացման արարողությունը։
«Իրանական ինժեներական թիմերն այս պահին գտնվում են շինհրապարակում և շարունակում են աշխատանքները՝ ապահովելու համար, որ Քաջարանի թունելը կառուցվի բարձր որակով, համապատասխան պայմաններով և արդյունավետ արժեքով»,- նշել է դեսպանը։
Անդրադառնալով ճանապարհի մյուս հատվածների շինարարությանը՝ Շիրղոլամինը նշել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել նաև այդ աշխատանքներին։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնի Հայաստանի կառավարությունը՝ հաշվի առնելով ներկայացված նախագծերն ու առաջարկվող արժեքները։
Դեսպանը ընդգծել է, որ իրանական ընկերությունները ունեն անհրաժեշտ տեխնիկական, ինժեներական և մարդկային ներուժ՝ նման խոշոր ծրագրերում ներգրավվելու համար։
«Չնայած եղել են որոշակի դժվարություններ, վերջին շրջանում նկատվում են դրական միտումներ, և առաջիկա ամիսներին ակնկալում ենք դրական զարգացումներ»,- ասել է Խալիլ Շիրղոլամին։
Նա հավելել է, որ Քաջարանի թունելի նախագիծը հնարավոր է դարձել հայ-իրանական համատեղ ջանքերի, ինչպես նաև երկու երկրների պետական և մասնավոր հատվածների համագործակցության շնորհիվ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կողմերը նոր ձեռքբերումների մասին կհայտարարեն։