Կիևում և Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան, տուժել է ավելի քան 20 մարդ

Հուլիսի լույս 8-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի վրա արձակել են երկու X-31 П հրթիռ, հինգ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 169 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ուկրաինական ուժերը խոցել են այդ անօդաչու թռչող սարքերից 139-ը, գրում է Current time-ը։

Կիև

Կիևում հրթիռային հարվածի հետևանքով մեկ կին զոհվել է, երկու վիրավոր կա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ Սվյատոշինսկի շրջանում այրվել են վարչական շենք, պահեստներ, իսկ Դեսնյանսկի շրջանում՝ պահեստներ։

Խարկով

Խարկովում Նեմիշլյանսկի շրջանի բնակելի շենքի վրա հրթիռային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նա հավելել է, որ առավոտյան հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Օդեսայի մարզ

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Վնասվել են տարածաշրջանի հարավային մասում գտնվող երեք բենզալցակայաններ և էներգետիկ ենթակառուցվածքների մեկ օբյեկտ: Վիրավորներ չկան:

Միաժամանակ, Օդեսայում երեկոյան հարձակման զոհերի թիվը հասել է 11-ի: 9 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 48-ամյա տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծանր:

Դնեպրոպետրովսկի մարզ

Նիկոպոլի շրջանում վնասվել են գյուղատնտեսական ձեռնարկություններ, բենզալցակայաններ և տրանսպորտային միջոցներ։ Վիրավորվել է չորս մարդ։ Պավլոգրադում վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածք, իսկ Կրիվոյ Ռոգի շրջանում այրվել են ցորենի դաշտեր, հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Չեռնիգովի մարզ

Կորյուկովսկի շրջանում մեկ ձեռնարկությունում հրդեհվել է շենք, մյուսում՝ մեքենա և տրակտոր։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության համաձայն՝ տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment