Սպիտակ տանը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են Մելանիա Թրամփի հետ

Ռուսաստանից և Ուկրաինայից երկուական ներկայացուցիչներ Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ։ Մոսկվան ներկայացրել են Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Յանա Լանտրատովան և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը։ Կիեւը ներկայացրել են Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրո Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան։

Լուբինեցն ԱՄՆ առաջին տիկնոջն է հանձնել Իշխանուհի Օլգայի շքանշանը (1-ին աստիճանի), որը նրան նախորդ օրը շնորհել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իսկ Դմիտրիեւը նրան է նվիրել Օլեշկիից մի աղջնակի ստեղծած նկարը։

Օլեշկիում և հարակից տարածքներում հրադադարը սկսվել է հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և ավարտվել նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան։ Այն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք էր՝ Մելանյա Թրամփի մասնակցությամբ, ում և՛ Մոսկվան, և՛ Կիևը դիտարկում են որպես հրադադարի կազմակերպման հիմնական միջնորդ։

Ըստ ԱՄՆ առաջին տիկնոջ՝ ռազմաճակատի գծի մոտ գտնվող քաղաքից մոտ 800 մարդ, ովքեր ցանկացել են հեռանալ, տարհանվել են Ռուսաստան և Ուկրաինա։ Օլեշկիում մնալու որոշում կայացրածների համար նաև մարդասիրական օգնություն է հասցվել։

Հանդիպմանը Մելանիա Թրամփը հույս է հայտնել, որ վեցօրյա զինադադարը, որին հաջողվել է հասնել իր մասնակցությամբ ռուսական ուժերի կողմից օկուպացված Օլեշկի քաղաքում, կհանգեցնի «ավելի տևական խաղաղության»։  «Հուսով եմ, որ Օլեշկիում ձեռք բերված փորձը խթան կհանդիսանա ավելի տևական խաղաղության հաստատման համար։ Ցանկացած էական փոփոխություն սկսվում է փոքր կայծից»,- նշել է տիկին Թրամփը։

Նա կարծում է, որ Միացյալ Նահանգների մասնակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները «կարող են ստեղծել մի բան, որն ավելի կայուն կլինի, քան պարզապես ժամանակավոր հրադադարը»։

Թրամփը նաև ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դերակատարությունը՝ նշելով, որ առանց նրանց «Օլեշկիում հրադադարը հնարավոր չէր լինի»։ «Նրանց համագործակցությունը կարևոր նախադեպ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար»,- հայտարարել է ԱՄՆ առաջին տիկինը։ Նա հավելել է, որ անձնական նամակներ է գրել երկու առաջնորդներին, որոնք կփոխանցվեն երկու երկրների ներկայացուցիչների միջոցով։

Leave a comment