Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ գագաթնաժողովի երկրորդ օրվա շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի նախագահական համալիրի ցուցասրահում անցկացվող նիստերին, որից հետո հանդես կգա մամուլի ասուլիսով։

Գագաթնաժողովին մասնակից երկրների առաջնորդները նախ կմասնակցեն ավանդական խմբակային լուսանկարմանը, այնուհետև կանցկացվի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը։

Միջոցառման ավարտին մամուլի համար հայտարարությամբ հանդես կգա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Հուլիսի 7-ին մեկնարկած երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի անդամ 32 երկրների առաջնորդները։

Քննարկումների հիմնական թեմաներն են եվրատլանտյան անվտանգության ամրապնդումը, պաշտպանական ներուժի զարգացումը, պաշտպանական ծախսերի ավելացումը և անվտանգության ոլորտի այլ առաջնահերթություններ։

Գագաթնաժողովի առաջին օրը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումը, որի ընթացքում կառավարությունների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկել են պաշտպանական արտադրական կարողությունների ընդլայնման, ոլորտում ներդրումների և սպառազինության համատեղ նախագծերի իրականացման հարցերը։

Սպասվում է, որ դաշինքի անդամները, չնայած վերջին շրջանում անդրատլանտյան հարաբերություններում առկա տարաձայնություններին, կհաստատեն իրենց հանձնառությունը միասնության և համերաշխության շուրջ։

Քննարկումների առանցքային թեմաներից են նաև «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգի իրականացումը, Եվրոպայի դերի ուժեղացումը սովորական սպառազինությունների ոլորտում, ԱՄՆ ռազմական ներկայության վերանայումը Եվրոպայում, Ուկրաինային հետագա աջակցության հարցը, ինչպես նաև պաշտպանական ծախսերի և պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների ավելացման ուղղությամբ նոր պարտավորությունների ստանձնումը։

«Անադոլու»-ի տվյալներով՝ Անկարայի գագաթնաժողովը դարձել է ՆԱՏՕ-ի պատմության ամենամասշտաբային միջոցառումը՝ միջազգային լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչների թվով։

Leave a comment