Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում այսօր տեղի է ունեցել զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Հանրահավաքի կազմակերպիչները նշել են, որ վերջին ամիսների ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշման Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից: Խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում Եկեղեցու հիմքը, կեղծ մեղադրանքով ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ:
«Նման ծավալի բռնաճնշումներ մեր Մայր Եկեղեցու դեմ իրականացվել են թերևս Ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Խորհրդային Միությունում: ՀՀ իշխանությունը, խախտելով ՀՀ Սահմանադրության տասնյակ կետեր, փորձ է անում ոչնչացնել համայն հայության Մայր Եկեղեցին՝ պառակտելով համասփյուռ հայությանը, սեպ խրելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների միջև, բարոյական հարված հասցնելով միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին»,- նշել են հավաքի կազմակերպիչները։
Կոչ արվեց վիրահայ համայնքի բոլոր նվիրյալ զավակներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր Եկեղեցուն, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է դարեր ի վեր պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարն աշխարհում։
«Այս քայլն ուղղված է ոչ թե որոշ հոգեւորականների դեմ, այս քայլն ուղղված է համասփյուռ հայության դեմ, որովհետեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ազգի միակ պաշտոնական ներկայացուցիչն է ամբողջ աշխարհում, և այսօր փորձ է արվում նսեմացնել եւ ոչնչացնել մեր գլխավոր ներկայացուցչի դերն ամբողջ աշխարհում։ Սա ուղղված է նրա դեմ, որպեսզի քանդեն մեր 1700 տարվա եկեղեցին։ Մենք բոլորս պետք է գիտակցենք՝ եկեղեցին միայն հոգեւորականները եւ շարականները չեն, եկեղեցին մենք ենք»,- հայտարարվեց հանրահավաքում։
Վիրահայերը հայտարարեցին, որ այսօր իրականացնում են շատ կարեւոր քայլ՝ աջակցելով եկեղեցուն։ Վիրահայերին կոչ արվեց ի աջակցություն եկեղեցու ամեն օր մասնակցել պատարագներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: