Քաղաքականություն
07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատական նիստին, որն անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ, մասնակցել են նաև, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատական նիստում շարունակվել են ելույթները։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նախորդ նիստում, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։
Բացի այդ, դատարանում նշվել է, որ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ցուցմունքները ներկայացվել են նրա պաշտպանի միջոցով։ Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպել իր պաշտպանի հետ։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Ալեքբերովը նշել է, թե վերաքննիչ բողոքի բովանդակությունն էապես համընկնում է Իշխանյանի ելույթի և պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ: Հետևաբար, ցանկացած իրավախախտման մասին պնդումները, ըստ նրա, անհիմն են։
Այնուհետև դատարանն իր դիրքորոշումն է հայտնել միջնորդության վերաբերյալ։ Դատարանի որոշման համաձայն՝ դրանում բարձրացված հարցերը չեն բավարարվել, քանի որ, իբր, այս փուլում դրանք կապ չունեն քննվող գործի առարկայի և էության հետ։
Ելույթով են հանդես եկել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպանները՝ խնդրելով դատարանին չեղյալ համարել նրա դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի