Հայաստանն արդյոք այս պայմաններում կարո՞ղ է անվտանգային սպառնալիքներին դիմակայել, հնարավոր նոր սպառնալիքներին: «Միայն մարտունակ բանակի պարագայում: Միայն ու միայն»,- լրագրողի հարցին այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա ձևակերպմամբ՝ առաջնայինը զինված ուժերի մարտունակությունն է:
Ի պատասխան մեկ այլ հարցի՝ ինչպես է գնահատում բանակի մարտունակությունը, բարեփոխումները, որոնք իրականացվում են, նա այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող հիմա դա գնահատել, որովհետև չեմ տիրապետում… Այսպես հայացքով էլ լուրջ չէ, որ պաշտպանության նախկին նախարարը գնահատական տա զինված ուժերի մարտունակությանը, պատրաստությանը: Հիմա շատ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետև ներքին տեղեկատվությանը չեմ տիրապետում»:
Հարցին, որ վերջերս Հիքմեթ Հաջիևն էր եկել Հայաստան, դրանից առաջ՝ Ադրբեջանի փոխվարչապետը, խոսվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքների մասին, արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել հավասար պայմաններում, Դավիթ Տոնոյանն այսպես պատասխանեց. «Հնարավոր է հավասար պայմաններում իրականացնել, եթե մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործվի հայկական կողմից… Մասնագիտական ներուժն իր ջանքերը գործադրի, որպեսզի սահմանազատումը ճիշտ իրականացնի»: Նրա խոսքով՝ եթե քաղաքական որոշում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը պետք է կողք կողքի ապրեն, սահմանազատումն անհրաժեշտ է, որովհետև չսահմանազատված տարածքները կարող են միշտ դառնալ բացասական գործողությունների խթան և առիթ:
Իսկ իրատեսական համարո՞ւմ է, որ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը: «Չեմ կարող ասել՝ հնարավոր է ստորագրվի, թե ոչ, բայց կարծում եմ, որ հնարավոր է որոշ աշխատանքներ սահմանազատման հետ կապված իրականացնել, որովհետև նաև տնտեսական խնդիր կա, բացի անվտանգային բաղադրիչից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Այն հարցին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավո՞ր է, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց՝ կուզեի հավատալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: