Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը. Դավիթ Սանասարյան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Սուրիկ Խաչատրյանի, դատավորներ՝ Ժենյա Մելիքսեթյանի և Արմեն Հովհաննիսյանի, որոշեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի արդարացման դատավճիռը թողնել անփոփոխ։

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել էր լիազորությունները։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թ. սեպտեմբերին Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները և հույս հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է։ Այդ ժամանակ ԱԱԾ պետն Արթուր Վանեցյանն էր։

«Հիշե՛ք այս դատավորների անունները՝ Դավիթ Բալայան, Սուրիկ Խաչատրյան, Ժենյա Մելիքսեթյան և Արմեն Հովհաննիսյան։ Անկախ ճնշումներից և հանրային աղմուկից՝ նրանք կայացրել են օրենքի և իրենց ներքին համոզմունքի վրա հիմնված որոշումներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment