Զրույցի ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնությունում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հուլիսի 6-ին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտայի հետ, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման, արդյունաբերական ոլորտի զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանակման հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության ոլորտներում գործակցության խորացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ինդոնեզական կողմին առաջարկել է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, արդյունաբերական գոտիների հիմնման և համատեղ արտադրությունների կազմակերպման հնարավորությունները։
Զրույցի ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նախարարը նշել է, որ ծրագրի իրականացումը էականորեն կնպաստի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանն ու բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ առևտրի, ներդրումների և արդյունաբերական փոխգործակցության զարգացման համար։