Քաղաքականություն
07.07.2026 | 16:46
Հունիսի սկզբին սերբական ոստիկանությունը սերբ-հունգարական սահմանին ձերբակալել է երկու տղամարդու, որոնք, ենթադրաբար, ռուսական հետախուզության հանձնարարությամբ Գերմանիայում գտնվող պաշտպանական գործարանում պայթյուն էին ծրագրել: Current time-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Bild-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ անվտանգության ուժերը նրանց ուղեբեռում պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Կասկածյալները, հնարավոր է, թիրախավորել են ընկերություն, որը կարևոր է Ուկրաինային տրամադրվող աջակցության համար։ Նրանց ճշգրիտ թիրախը մնում է անհայտ, անվտանգության մարմիններն աշխատում են պարզել ձերբակալվածների ծրագիրը։
Կարծիք կա, որ նրանք, հավանաբար, առաջադրանքին համաձայնել են ոչ մեծ վարձատրության դիմաց։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Գերմանիան պարբերաբար դառնում է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների թիրախ։ Նա պնդել է, որ ռուսական իշխանությունները ցանկանում են անկայունացնել հասարակությունը, խաթարել ժողովրդավարությունը և Ուկրաինայի աջակցությունը։
2026 թվականի ապրիլին Բեռլինում ձերբակալվել էր Ղազախստանի քաղաքացի Սերգեյ Կ.-ն՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով։ Քննության տվյալներով՝ նա առնվազն 2025 թվականի մայիսից կապի մեջ է եղել ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ նրանց տեղեկություններ փոխանցելով։ Այդ տեղեկատվությունը ներառել է տվյալներ, որոնք վերաբերում էին Գերմանիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը և գերմանական պաշտպանական արդյունաբերության վիճակին։ Անօդաչու թռչող սարքերի արտադրողները, ենթադրաբար, հատուկ հետաքրքրություն էին ներկայացնում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի