«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարին հոբել յանական է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի համար։ Նոյեմբերի 5-ին նա նշելու է ծննդյան 75-ամյակը։ «ԱՐԱՐ» երգչախումբը, որը երկար տարիներ համագործակցում է կոմպոզիտորի հետ, որոշել է նշանավորել նրա հոբել յանը համերգային ծրագրով։ Երգչախմբի և կոմպոզիտորի բարեկամության և երկարատև համագործակցության մասին զրուցել ենք երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ Մելքումյանի հետ։ Նրա խոսքով, Երվանդ Երկանյանը մեր երաժշտական և հոգևոր մշակույթում առանցքային և կարևոր նշանակություն ունեցող կոմպոզիտոր է։ «Կարևոր է այս մասին խոսել և արձանագրել այս փաստը։ Սա բնավ արվեստագետին արված ինչ-որ հաճոյանքի խոսք կամ նրան շոյելու միջոց չէ։ Կարևոր է ճիշտ ժամանակին գնահատել այն արվեստագետին, որն ապրում է մեր կողքին։ Կազմակերպելու ենք համերգ՝ նվիրված Երվանդ Երկանյանի հոբել յանին, որն արժեքավոր կլինի նաև երգչախմբի գործունեության 14 տարվա ընթացքում։ Կոմպոզիտորի հետ վաղուց ձևավորվել է բարեկամական շփում և ընկերություն, որը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Ցանկանում ենք, որ համերգային երեկոն լինի նաև մեր ընկերության, բարեկամության ներկայացումը։ Նշեմ, որ կոմպոզիտորը մեր երգչախմբին նվիրել է մի շարք ստեղծագործություններ, որոնք համերգային երեկոն կդարձնեն էլ ավելի բացառիկ։ Նախատեսում ենք նաև հրատարակել գիրք, որտեղ կլինեն բոլոր այդ ստեղծագործությունները, և դրան կցել խտասալիկ, որտեղ կլինեն ստեղծագործությունների կատարումները։ Սրանք բարդ կազմակերպվող միջոցառումներ են, բայց ոգևորված ենք և լիահույս, որ հավուր պատշաճի կիրականացնենք այդ ամենը։ Միջոցառումները նախատեսված են աշնանը, այս պահին փորձերի ակտիվ փուլում ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։
Հետաքրքրվում ենք՝ իսկ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ պարուրված այս բարեկամությունը։ Գոռ Մելքումյանն անկեղծանում է՝ հաճախ է ինքն իրեն նույն հարցը տալիս և չի գտնում այդ ջերմ բարեկամության սկզբնակետը։ «Մի օր ուղղակի սկսեցինք համաքայլ գնալ, կատարել իր ստեղծագործությունները, իրեն հրավիրել մեր համերգներին, շփվել, այցելել իրենց տուն։ Ի դեպ, նշեմ, որ պարոն Երկանյանը և նրա տիկինը՝ Աննա Արևշատյանը, շատ հյուրընկալ ընտանիք են։ Պարբերաբար այցելում ենք իրենց։ Մոտ 14 տարվա մեր ընկերության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը։ Երբ ասում եմ Երվանդ Երկանյան, մտքումս միանգամից հետևյալ բնութագրերն են հայտնվում՝ Մարդ, քաղաքացի, մտավորական և արվեստագետ։ Երբ խոսում ենք Երվանդ Երկանյան մարդու մասին, պետք է հաշվի առնենք նրա կյանքի, այսպես ասած, դրամատիկ կողմը։ Նա ունեցել է կյանքի և՛ լուսավոր, և՛ դժվար պահեր։ Հաճախ է լինում, որ կյանքի և՛ լուսավոր, և՛ բարդ ընթացքները մարդուն իջեցնում են բարձր նշաձողից, բայց նա իր կյանքի բոլոր փուլերում մնացել է հիանալի մարդ։ Քաղաքացու առումով կցանկանամ նշել, որ հաճախ մարդու մեջ ուղղակի ներառում ենք քաղաքացուն՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին այն կերպարն է, ով պետք է իր քաղաքացիական պարտքը, դիրքորոշումն ունենա պետության և իրեն շրջապատող այլ իրողությունների նկատմամբ։
Երվանդ Երկանյանի պարագայում կասեմ, որ նա բացառիկ քաղաքացու օրինակ է ազնվության տեսանկյունից, նա մտահոգ է պետության ու հայրենիքի յուրաքանչ յուր խնդրով։ Նա այն մտավորականն է, ով շատ չի խոսում և ավելի շատ իր գործին է տրված, սա քաղաքացու և մարդու վերաբերմունքն է իրականությանը, որում ապրում ենք: Նա ուղղակի եզակի արվեստագետ է, մեծ ոգու և ներշնչանքի տեր մարդ, արվեստագետ, ով անսպառ լիցքերով լիցքավորված մեզ այլ՝ մետաֆիզիկ աշխարհներից կարծես անվերջ փոխանցում է նյութեր, որոնք այլ լեզվով ուղղակի թարգմանելի չեն։ Դա այն երաժշտության լեզուն է, որի մոգական վարպետն է կոմպոզիտորը»,-ասում է «ԱՐԱՐ»-ի խմբավարը։
Մեր զրույցի ընթացքում նա ևս մեկ՝ իրենց երգչախմբի համար կարևոր հանգամանք է առանձնացնում։ «ԱՐԱՐ»-ը պետական երգչախումբ չէ, բայց այս հանգամանքը որևէ կերպ չի խանգարում կոմպոզիտոր Երկանյանին մշտապես լինել իրենց կողքին։ «Ունենք պետական լավ որակի երգչախմբեր, և կոմպոզիտորներն ու ստեղծագործողները հակված են հաճախ իրենց ստեղծագործությունները նվիրել այդպիսի խմբերին, որոնք համարվում են պրոֆեսիոնալ։ Սա խորհրդային տարիներից եկած ձևակերպում է, այն է՝ երբ խումբը պետական է և ֆինանսավորվող, նա պրոֆեսիոնալ է, երբ պետական կարգավիճակ չունի, կարծես ոչ պրոֆեսիոնալ է։ Կցանկանայի, որ այս մտածելակերպը մեր իրականության մեջ չլինի։ Եթե արվեստագետների ազատ ստեղծագործող խումբը չունի պետական ֆինանսավորում, դեռ չի նշանակում, որ իր գործին վերաբերվում է ոչ պրոֆեսիոնալ, մեր երգչախմբի պարագայում՝ առավել ևս։ Մեր առաջին նշաձողը պրոֆեսիոնալիզմն է։ Մեր՝ պետական կարգավիճակ չունենալը որևէ կերպ չի խոչընդոտել և խանգարել կոմպոզիտորին մեզ հետ լինել մտերիմ և ջերմ։ Կցանկանայի սա տարածվեր մյուս ստեղծագործողների վրա, որովհետև սա առանձնակի ջերմություն և ոգևորություն է արթնացնում յուրաքանչյուր ստեղծագործ մարդու մոտ, ով նկատում է իր թիկունքում կանգնած մտավորականների աջակցությունը»։
«ԱՐԱՐ»-ի երգացանկում մշտապես ներառված են կոմպոզիտորի երեսունից ավելի ստեղծագործություններ։ «Եղել են համերգներ, որոնց ընթացքում հնչել են միայն կոմպոզիտորի ստեղծագործությունները, մեր գրեթե բոլոր համերգներին, եթե դրանք չունեն կոնկրետ ուղղվածություն, մշտապես հնչում են նրա ստեղծագործությունները։ Հուրախություն մեզ, մեր սիրելի կոմպոզիտորը վերջին տարիներին հատկապես գրեթե միշտ ներկա է մեր համերգներին։ Դա և՛ մեզ, և՛ իր համար է կարևոր։ Ցանկանում ենք, որ մեր բարեկամությունը շարունակվի երկար տարիներ։ Մաղթում ենք նրան քաջ առողջություն, որպեսզի կարողանանք դեռ երկար վայելել իր ներկայությունը»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում