Ծառուկյանի տան խուզարկությունը մոտենում է ավարտին. Իվետա Տոնոյանը մանրամասներ է հայտնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդհանուր առմամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Նա հայտնել է, որ, ի թիվս այլոց, կնքվել են նաև Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ» և «Մուլտի Ռեստ Ռեզորթ» ռեստորանային համալիրները, «Ռոյալ Սքայը», ինչպես նաև Աբովյանի խճուղու վրա գտնվող «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրը։

«Այսօրվանից շուրջ 7000 աշխատակից գտնվում է հարկադիր պարապուրդում։ Հասկանալի է, որ այս գործողությունները տնտեսական ահաբեկչության տարրեր են պարունակում»,-նշել է Տոնոյանը։

Նա հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի տանը խուզարկությունները մոտենում են ավարտին, իսկ տան տարածքում գտնվող կենդանիներին տեղափոխել են այլ վայր։

News.am

Leave a comment