Արհեստական բանականության շնորհիվ ֆրանսիական L’Oréal կոսմետիկ ընկերությունը նոր արտադրանքի մշակման արագությունը մեծացրել է չորս անգամ։ Օրինակ՝ ընկերությունն օգտագործել է արհեստական բանականությունը՝ մաշկի խնամքի միջոցներում առկա այնպիսի մոլեկուլներ հայտնաբերելու համար, որոնք հնարավոր է կիրառել նաև շամպունների արտադրության մեջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության ղեկավարներից մեկը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, սպառողական ապրանքներ արտադրող այլ խոշոր ընկերություններ ևս ակտիվորեն ներդնում են արհեստական բանականությունը նոր արտադրանքի մշակման գործընթացում։
Ընկերությունների ղեկավարների խոսքով՝ Nestlé-ն, որը հանդիսանում է Nescafé ապրանքանիշի սեփականատերը, Haleon-ը, որն արտադրում է Sensodyne ատամի մածուկը, ինչպես նաև շոկոլադ արտադրող Mondelez-ը, օգտագործում են ԱԲ տեխնոլոգիաները՝ բաղադրիչների փորձարկումը արագացնելու, նոր բաղադրատոմսեր ստեղծելու և մատակարարման շղթայում ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Reuters-ի տվյալներով՝ ընկերություններն ավելի ակտիվ են ներդնում արհեստական բանականությունը, քանի որ սպառողների նախասիրությունները գնալով ավելի արագ են փոխվում, իսկ արտադրողները ստիպված են միաժամանակ արագացնել նորարարությունները և կրճատել ծախսերը։
L’Oréal-ը սկսել է կիրառել ԱԲ-ն իր լաբորատորիաներում մոտ չորս տարի առաջ։
Ընկերության սպառողական արտադրանքի բաժնի նախագահ Ֆաբրիս Մեգարբանի խոսքով՝ տեխնոլոգիաները թույլ են տալիս կանխատեսել տարբեր մոլեկուլների ազդեցությունը մաշկի և մազերի վրա, ինչն օգնում է հայտնաբերել նոր ակտիվ բաղադրիչներ և ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները։
«Այժմ հնարավոր է զգալիորեն ավելի արագ գտնել մոլեկուլների նոր համակցություններ և բացահայտել դրանց լրացուցիչ օգտակար հատկությունները», – հայտարարել է Մեգարբանը հունիսի վերջին Վիեննայում անցկացված Consumer Goods Forum գլոբալ գագաթնաժողովում։
Mondelez-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային զարգացման տնօրեն Ֆիլիպո Կատալանոն Reuters-ին տված հարցազրույցում ԱԲ-ի կիրառումը նոր արտադրանքի մշակման մեջ անվանել է «շրջադարձային պահ» ընկերության համար։
Նրա խոսքով՝ տեխնոլոգիաներն օգնել են Cadbury և Toblerone ապրանքանիշերի սեփականատիրոջը զգալիորեն արագացնել մշակման գործընթացները և նոր տեսանկյունից գնահատել բաղադրատոմսերը։
Արհեստական բանականությունը կարող է առաջարկել ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ստանդարտ բաղադրատոմսերի տարբերակներ, որոնցից հետո դրանք գնահատվում են մասնագետների կողմից։
«Դա թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ օպտիմալացնել բաղադրատոմսերի մշակման գործընթացը», – նշել է Կատալանոն։
Նրա խոսքով՝ այս մոտեցումը նաև նվազեցնում է առանձին մատակարարներից կախվածությունը և օգնում է ավելի արագ հարմարեցնել արտադրանքի բաղադրությունը սպառողների փոփոխվող նախասիրություններին։
«Արհեստական բանականությունն արագացնում է այն, ինչ մենք նախկինում նույնպես կարող էինք անել, սակայն ժամանակը կրճատում է ամիսներից մինչև շաբաթներ, իսկ երբեմն՝ տարիներից մինչև ամիսներ», – ընդգծել է նա։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։