63-72 տարեկանների չիրացված ներուժը և նոր բացվող հնարավորությունները. Խաչիկյանը՝ կառավարության ծրագրերի մասին

63-72 տարեկանների չիրացված ներուժը և նոր բացվող հնարավորությունները. Խաչիկյանը՝ կառավարության ծրագրերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի 63-72 տարական քաղաքացիների ստեղծած տնտեսական արժեքը չի կարող փոքր լինել, և Կառավարության նոր նախաձեռնությունը դրանք վեր հանելուն և դրանց համալիր լուծում տալուն է ուղղված: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սոս Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից մեկնարկել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը, որն ունի մարզային ուղղվածություն:

Խաչիկյանը ընդգծեց, որ Հայաստանում կան բազմաթիվ օրենքներ և իրավական ակտեր, որոնք հնարավորություն են կենսաթոշակի անցնելուց հետո կրկին աշխատանք ունենալ, սակայն այս խնդիրը մինչ օրս բաց է եղել և լիարժեք լուծված չէ:

«63 տարեկանից հետո տնտեսական ակտիվությունը մարդկանց մոտ կա և բավականին լավ վիճակում կա: Այս սեգմենտը՝ 63-72 տարեկան քաղաքացիները Հայաստանում իսկապես փոքր թիվ չեն կազմում և այս մարդիկ մի տեսակ անգործության են մատնվում, իհարկե պետությունն էլ իր հերթին ամեն բան չէ, որ կսուբսիդավորի և սուբսիդավորելուց կսուբսիդավորի այն նախագծերը, որոնք ավելի մեծ տնտեսական արդյունք կապահովեն: Պետք է հասկանալ, որ սա «Փարոսի» նման օժանդակության ծրագիր չէ, այլ հստակ նախաձեռնություն, որի նպատակը այդ տնտեսական արդյունքը և ակտիվությունը գեներացնելն է»,-ասաց Խաչիկյանը:

Տնտեսագետի գնահատմամբ Կառավարությունը ունի համապատասխան հետազոտություններ և վերլուծություններ, որոնք հիմք են հանդիսացել տարիքային այս շեմը սահմանելու համար: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի գյուղաբնակ շրջաններում դեռ պահպանվող ավանդական գյուղատնտեսական աշխատելաձևից ելնելով է, որ նման նորարարական միտումներով նախաձեռնություն է իրականացվում, որի շրջանակներում ներդրվել է նաև ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություն՝ 400 հոգու համար նախատեսվող բիզնես-դասընթաց:

Խաչիկյանը նաև նշեց, որ Կառավարության այս նախաձեռնությունը կարելի է համարել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացմանը ուղղված գործողությունների մաս:

«Սա մի տեսակ սոցիալ-հոգեբանական նշանակություն էլ ունի, քանի որ հայկական իրականության մեջ մարդը կարող է տրամադրված լինել, որ 65 տարեկանից հետո պետք է թոշակ ստանա, որը տարիների ընթացքում կարող է ավելանալ, բայց նման նախաձեռնությամբ նոր տրամաբանություն է ներդրվում, և ըստ էրության այս տարիքային խմբերի համար ունի խրախուսող նշանակություն: Միայն գյուղատնտեսությունը առանց նորարարությունների ու առանց տեխնոլոգիաների արդյունավետություն չի ապահովի այլևս, և այս տարիքային խմբի մարդիկ էլ մեծ հետաքրքրություն չէին ցուցաբերի: Այսինքն առաջարկվող ծրագրի մեջ կրթություն մտցնելու էությանը նրանում է, որպեսզի ինչ-որ նոր բան մտցվի գործընթացի մեջ»,-ասաց տնտեսագետը:

Խաչիկյանը նկատեց, որ նախաձեռնությունը սահմանամերձ բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերում իրականացնելու միտումները հուշում են, որ ծրագիրը առավել գյուղատնտեսական ուղղվածություն է ունենալու: Ըստ տնտեսագետի դրանք հիմնականում կուղղվեն փոքր արտադրամասերի կառուցմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, վերամշակմանը, ջերմոցային տնտեսությանը և այլ նմանատիպ գործունեություններին:

«Չի կարելի բացառել, որ թվային կամ տեխնոլոգիական լուծումներով ինչ-որ ընտանեկան բիզնեսներին էլ կուղղվի, բայց կարծում եմ այս ոլորտը շատ տարածված չի լինի, քանի որ 63 և բարձր տարիքի համար դժվար կլինի նման համակարգերի մեջ մտնել հատկապես այն դեպքում, երբ մարդիկ ամբողջ կյանքում դրա մեջ չեն եղել, սակայն ջերմոցային տնտեսության, վերամշակման, գյուղատնտեսության այլ ուղղությունների, անտառնտեսության և անգամ հյուրատների մասով նոր հնարավորություններ են և որոշակի կիրառում կարող են ունենալ»,-ասաց տնտեսագետը:  

Խաչիկյանը նաև նշեց, որ նման նախաձեռնությունները դժվար թե փոխարինեն պետական սուբսիդավորումների հին ծրագրերին, քանի որ դա տնտեսական գործունեությունը խթանելու պետության կարևոր գործառույթներից է:

«Կարծում եմ առաջիկայում կարող են սուբսիդավորման ձևաչափերը և ուղղությունները փոխվել, այսինքն վերանայվել, թե ինչ գաղափարների և ինչ արժեք ստեղծող նախաձեռնություններին է պետք տրամադրել պետական աջակցություն»,-ասաց Խաչիկյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանկերի կողմից նման տարիքային խմբին տրամադրվող աջակցությունը ռիսկային չի լինի հենց բանկերի համար տնտեսագետը նշեց. «Չեմ կարծում, որ նման տարիքային խմբերի համար բանկերից տրամադրվող ֆինանսավորումը ռիսկային կարող է համարվել բանկերի համար: Իհարկե եթե անհատին բանկը տրամադրի նման աջակցություն դա կարող է ինչ-որ տեղ լինել ռիսկային, սակայն պետք է հաշվի առնել, որ այստեղ պետության միջնորդությամբ տրվելու է ֆինանսական աջակցություն մարդու ստեղծած ԱՁ-ին և այն էլ այն ուղիղ չի տրվելու շահառուին, այլ փոխանցվելու է բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումների, գույքի, ծառայությունների մատակարար ընկերություններին»։   

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նման ծրագրերը առավել նպատակահարմար չէին լինի իրականացնել առավել երիտասարդ տարիքային խմբերի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ հատկապես սահմանամերձ գյուղաբնակ շրջաններում միգրացիայի ու վարելահողերի մշակման խնդիրներ կան Խաչիկյանը նշեց, որ նման խմբերի համար Կառավարությունը արդեն ունի բազմաթիվ ծրագրեր, ուղղակի ներկայում տնտեսական ակտիվության ապահովման համար կարևոր է ավելի բարձր տարիքային խմբերի ներգրավումը և դրանց կանոնակարգումը:

Ըստ Խաչիկյանի պետք է առաջիկայում նաև զարգացնել, գյուղացիական կոոպերատիվները, գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և ագրոզբոսաշրջությունը:

«Եթե պետությունը այս երեք ուղղություններով էլ ջանքեր գործադրի ապա կարծում եմ սահամամերձ շրջանում գյուղատնտեսության ավելացված արժեքի ստեղծումը շատ ավելի բարձր ցուցանիշներ կունենա»,-ասաց տնտեսագետը:

Leave a comment