Հուլիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
«Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վճռական բողոք է հայտնել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում տեղակայված SOCAR-ի բենզալցակայանի վրա հուլիսի 5-ի երեկոյան կատարված անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ և ռուսական կողմին հանձնել համապատասխան նոտա։
Նշվել է, որ անօդաչու սարքի այս հարձակումը նմանատիպ առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Ուկրաինայի տարածքում գտնվող SOCAR-ին պատկանող օբյեկտները, այդ թվում՝ գազաբաշխիչ կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթաբազան, արդեն ենթարկվել էին ռազմական հարվածների և մարտական գործողությունների այլ կործանարար հետևանքների, ինչի հետևանքով ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս, իսկ նրա աշխատակիցների շրջանում կան տուժածներ։
Ընդգծվել է, որ նման միջադեպերի շարունակությունը, չնայած բազմիցս ուղարկված նախազգուշացումներին, վկայում է դրանց նպատակաուղղված բնույթի մասին։
Հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրվել նաև մի քանի օդային հարվածների վրա, որոնց հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության և Խարկով քաղաքում Ադրբեջանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության շենքերը։ Ընդգծվել է դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների անձեռնմխելիության ապահովման վերաբերյալ պարտավորությունների խիստ պահպանման անհրաժեշտությունը՝ Վիեննայի կոնվենցիաներին համապատասխան։
Ռուսական կողմին կոչ է արվել անցկացնել համակողմանի քննություն նշված բոլոր փաստերի առնչությամբ, ներկայացնել համապատասխան պարզաբանումներ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, ինչպես նաև ապահովել քաղաքացիական օբյեկտների, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունների պահպանումը», – նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
News.am