Հոդվածիս լեյտմոտիվը ակնարկ կամ տեսական անալիզ անելը չէ. կարծում եմ, ընդդիմությունը մինչ այսօր պարտվում է Փաշինյանին, որովհետև համապարփակ չի վերլուծում և համակարգված չի մոտենում այս հարցին: Կարճ ասած՝ ընդդիմության պայքարը պիտի ավելի «գիտելիքահեն» լինի, քանի որ իրականում Նիկոլը ֆենոմեն է, որն ունի իր մեթոդաբանությունը:
Փորձենք օգտվելով պատմական փաստերից՝ տալ հիմնական նկարագրերը:
Հին Հունաստանում Աթենքի և Սպարտայի միջև ծավալված հակամարտությունն ավարտվեց Սպարտայի հաղթանակով Աթենքում իշխանությունը տնօրինող սոփեստների պատճառով: Հենց նրանք էին սկսել եղանակ ստեղծել Աթենքում, իսկ նրանցից մեկը՝ Ալկիվիադոսը, ով կառավարիչն էր և ամենաազդեցիկ հռետորը, համոզեց քաղաքին աննախադեպ մեծ նավատորմ ուղարկել Սիցիլիա, ինչն ավարտվեց Աթենքի համար աղետով:
Հին հույները լավ գիտեին խոսքի ուժը, որն ավելի կարևոր էր դառնում Աթենքի պոլիսային դեմոկրատիայի պարագայում, որի մեխանիզմը եթե պարզեցնենք, հետևյալն էր՝ ով ում և ինչպես կհամոզեր:
Հենց այստեղ առողջ և ավանդական հռետորաբանության մեջ խառնվեց նրա աղավաղված և մանիպուլյացիոն տեսակը՝ սոփեստությունը: Եթե մինչ այդ լեզուն և խոսքը ծառայում էին իրականությունը նկարագրելու համար, ապա սոփեստները սկսեցին կատարելագործվել՝ օգտագործելով խոսքն իրականությունը խեղելու, այլանդակելու համար: Սոփեստները հասան կատարելության համոզիչ կերպով ապացուցելու այն, ինչ իրականությանը չի համապատասխանում (Նիկո՛լ, ականջդ կանչի,- Ա.Ա.):
Քանզի գիտելիքն այլևս գերակա չէր, ճշմարտությունը հայտնվեց հարվածի տակ: Սոփեստները քաղաքական բանավեճերը վերածեցին «ով ում կզզցրեց», «ով ում ձայնը կտրեց» սկզբունքների, այլ ոչ թե ճշմարտության որոնման:
Սոփեստներն ասում էին, որ կարևոր չէ տիրապետել թեմային կամ հարցի գիտակ լինել: Կարևոր է կարողանալ ունակ լինել խոսել թեմայից (Նիկոլի ականջը նորից կանչի):
Մեկ այլ կարևորագույն դիտարկում. եթե գիտության մեջ փաստերն անհերքելի և անփոփոխ երևույթներ են, ապա սոփեստական հռետորաբանության մեջ ցանկացած փաստ հերքելի է, ուստի այլևս փաստ չէ (պատկերացնում եմ, թե ոնց են արձագանքում հիմա Նիկոլի ականջները,- Ա.Ա.):
Սա է սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ: Փաստերի ափաշքյարա հերքումը խախտում է իրականության կայունությունն ու հավասարակշռությունը, քանդում է մարդկանց շրջապատող միջավայրը:
Սոփեստների մեկ այլ գաղտնի հնարքը խոսքում «արժեքների» և էմոցիաների վրա շեշտադրելն է: Եվ սա տրամաբանական է. փաստերը հերքելով՝ նրանք քայքայում են իրականությունը, որը լցնում են իրենց էմոցիաներով (ինչպես կասեր Փաշինյանը՝ «կրքերով»,- Ա.Ա.):
Ի տարբերություն փաստերի՝ «արժեքներն» ու էմոցիաները չեն հանդիսանում իրականության անփոփոխ բնութագրիչներ, նրանք ոչ թե աշխարհի մասին տեղեկություններ են պարունակում, այլ արտահայտում են մեր սուբյեկտիվ վերաբերմունքն աշխարհի հանդեպ…
Սակայն…
Փաստերի ոչնչացումից հետո սոփեստների «արժեքներն» ու էմոցիաները դառնում են ուղղորդիչ, որոշիչ և կայունության պատրանք ստեղծող:
Մեկ հոդվածով, այն էլ՝ բանտախցից, դժվար է հավակնել առավել մանրամասն նկարագրել խնդիրը, ուստի կփորձեմ հաջորդ հրապարակումներում անդրադառնալ այն հարցին (շատ կարևոր,- Ա.Ա.), թե ինչպես էին հին հույները պայքարում քայքայիչ սոփեստների հնարքների դեմ:
Շարունակելի…
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
04.07.2026թ.
—00—ԼԱ