«Ի հեճուկս ճնշումների, մենք պետք է հասնենք մեր արդյունքին». Հայկ Մամիջանյան

«Եկեք այս հանդիպման ֆորմատը եւ տրամաբանությունը ճիշտ ռելսերի վրա դնենք։ Բացառապես կուսակցական ռեսուրսով իշխանափոխություն իրականացնել, ցավոք սրտի, հնարավոր չէ։ Դրանում համոզվել ենք մի քանի անգամ։ Ուժերի հավասարակշռության խնդիր է։ Հետեւաբար, միակ ուժը, որ մենք կարող ենք հակադրել զանգով կառավարվող դատական, ապօրինորեն հրամաններ իրականացնող իրավապահ համակարգին, հայ ժողովրդի աջակցությունն է։ Հետեւաբար, այս հանդիպումների տրամաբանությունը առաջին հերթին հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովումն է»,- ասաց ալիեւյան սահմանադրության դեմ պայքարին միացած ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։

«Այստեղ կան մարդիկ, ում լսարանները հանրագումարով շատ-շատ մեծ թիվ են կազմում։ Ու բոլորս պետք է հասկանանք՝ հեշտ չի լինելու։ Ու արագ էլ չի լինելու։ Բայց այլընտրանք կա՞: Բոլորս կարող ենք հավաքվել ու ասել վայ, ժամանակ չկա։ Բայց կարող ենք գործ անել։ Խավարի դեմ պայքարի միակ միջոցը մոմ վառելն է։ Ուրիշ տարբերակ երկրագնդի վրա գոյություն չունի։ Ուղղակի այս պարագայում կարեւոր է, որպեսզի լույս տարածողները, լույս ճառագողները շատ լինեն»,-ասաց նախկին պատգամավորը։

Դիտարկմանը, որ բոլոր կոնսոլիդացիաների մեջ «մինուս մեկ» լինում է, որ սկսում է աշխատել ներսից եւ իրենց էլ հաճախ դրել են վատ իրավիճակում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Մենք մեծահոգաբար ենք վերաբերվում այն պառակտիչ գործողություններին, որոնք իրականացվում են տարբեր ուժերի եւ դրանց աջակիցների կողմից։ Խնդրում եմ ֆիքսել հետեւյալ կարեւոր կետը։ Շատ տարածված է այն թեզը, որ եթե վտանգ կա ու ընդդիմությունը չի հասնում նպատակին, որը դրել է, դա առաջացնում է հիասթափություն։ Իհարկե, դա այդպես է, մենք այդ հիասթափությունը բոլորս զգացել ենք։ Բայց ստատիստիկան ցույց է տալիս հակառակը։ «Դիմադրության» շարժումն ավելի մարդաշատ էր, քան ՀՓՇ-ն, որ «Սրբազան պայքարը» ավելի մարդաշատ էր, քան «Դիմադրության» շարժումը։ Ուստի, հաշվի առնելով բոլոր բացթողումները, որոնք եղել են մինչեւ այսօր եղած կոնսոլիդացիոն գործընթացների պարագայում, ես չեմ տեսնում ռիսկերից վախենալու նպատակ ու ոչինչ չանել։ Ավելի լավ է հաշվի առնել վտանգներն եւ ռիսկերը եւ աշխատել։

Ճնշումների հետ կապված։ Եթե ինձ հարցնեն, թե ինչ կանի Փաշինյանը, Փաշինյանը կանի ամեն ինչ։ Եթե երկրագնդում որեւէ մեկի մտքով երբեւէ անցնում է՝ «շուխուռ չանեմ, Փաշինյանն ինձ կշրջաnցի», խնդրում եմ, թող մի հատ շուրջը նայի ու հասկանա։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հայրենասերի չի շրջանցելու։ Ուստի ի հեճուկս ճնշումների, մենք պետք է հասնենք մեր արդյունքին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment