Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները


Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի համանախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների բարձրաստիճան մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան–Եվրոպական միության արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 15-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:


 


Նիստի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները՝ գնահատելով արձանագրված առաջընթացը և նախանշելով հետագա համագործակցության առաջնահերթությունները։


 


Մասնավորապես, ներկայացվել են դատական և իրավական, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը, դատական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կոռուպցիայի դեմ պայքարի և միջազգային հանձնառությունների կատարման շրջանակում արձանագրված առաջընթացը։ Առանձին քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման, անկախ վերահսկող մարմնի ստեղծման, ինչպես նաև տվյալների պաշտպանության իրավական շրջանակի կատարելագործման համատեքստում։


 


Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման ընթացքին, ներկայացվել են իրականացվող բարեփոխումները փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի և սահմանների կառավարման, հիմնարար իրավունքների պաշտպանության և Եվրոպական միության չափանիշներին համապատասխանեցման ուղղություններով, ինչպես նաև քննարկվել են արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


 


Արդարադատության նախարարությունից հիշեցնում են, որ ենթակոմիտեն գործում է 2009 թվականից, իսկ նիստերը պարբերաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում։

Դիտումների քանակ13

Leave a comment