Մարտաֆիլմի մոտիվներով խուզարկությունները շարունակվում են, տասնյակ ընկերությունների աշխատանք պարալիզացված է, հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում. Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երրորդ ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանին, մոտ 2 ժամ սպասեցնելուց հետո, իրավապահները նոր միայն թույլ տվեցին բարձրանալ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, որտեղ վաղ առավոտից խուզարկություն են իրականացնում։ 

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է անոնսների մեծ մասնագետ.

«Եթե նախադեպերը նայենք, ապա ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր գործընթացների հետ կապված Նիկոլ Փաշինյանը անոնսներ է անում, իսկ մի քանի օր հետո գործերը կարվում են համապատասխան հոդվածներով։ Ծառուկյանին ունեզրկելու ու այլ ճնշումների ենթարկելու վերաբերյալ տարբեր սպառնալիքները շարունակական են եղել ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, և այս գործողությունները ցանկացած գնով այդ սպառնալիքները կյանքի կոչելուն են ուղղված»։

Լրագրողներից մեկի հարցին, թե ով էր այն քաղաքացին, որի համար իրավապահները բացեցին Ծառուկյանի տան փակ դարպասները և ներս տարան, Տոնոյանն ասաց, որ, իր կարծիքով, աշխատակից է եղել, այլ տեղեկություններ չունի։

Տոնոյանն ասաց նաև, որ լայնածավալ խուզարկությունները շարունակվում են Ծառուկյանին պատկանող տասնյակ ընկերություններում։ Նրա խոսքով՝ պարալիզացված է հատկապես «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկությունների աշխատանքը, և հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում։

«Եթե տնտեսական այս ռեպրեսիաների նպատակը այն է, որ աշխատակիցները մնան դրսում, չաշխատեն կամ կորցնեն իրենց աշխատանքը, շնորհավորում եմ իշխանություններին, որովհետև այսօր իրենց առջև դրված նպատակը իրականություն են դարձրել»։

Տոնոյանի խոսքով՝ Օլիմպավանում իրավապահները չեն խնայել նույնիսկ միջազգային մարզիկներին. նրանց բոլորին սենյակներից դուրս են հանել. «Սա միջազգային սկանդալ է»։

Տոնոյանն ընդգծեց, որ մարտաֆիլմի մոտիվներով իրականացվող խուզարկությունները շարունակվում են արդեն ավելի քան չորս ժամ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում: 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment