Կարևոր՝ վարորդների համար. նոր սահմանափակումներ են լինելու

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խնդիրների պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է։ Նրա խոսքով՝ այս հանգամանքն ազդում է նաև հանրային տրանսպորտի աշխատանքի արդյունավետության վրա։

Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը նախատեսում է ներդնել արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցեր, ինչպես նաև ընդլայնել հանրային տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գծերը՝ դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն։

Ավինյանն անդրադարձել է նաև այն քննադատություններին, որոնց համաձայն՝ հնարավոր սահմանափակումները կարող են խախտել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Նրա գնահատմամբ՝ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Քաղաքապետի խոսքով՝ եթե մայրաքաղաքում չկիրառվեն նոր կանոններ և երթևեկության կազմակերպման մեխանիզմներ, ավտոմեքենաների անընդհատ աճը, հատկապես քաղաքի կենտրոնում, կհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ վարորդները պարզապես չեն կարողանա բնականոն երթևեկել նույնիսկ բակից դուրս գալուց հետո։

Նրա համոզմամբ՝ արդեն հասունացել է գործողությունների անհրաժեշտությունը, սակայն դրանք պետք է իրականացվեն փուլային և տրամաբանական կերպով։ Ավինյանը շեշտել է, որ սահմանափակումների կիրառումը պետք է զուգորդվի արդյունավետ այլընտրանքի ստեղծմամբ, որպեսզի քաղաքացիները համոզվեն՝ Երևանում հանրային տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ և հարմար է, քան սեփական ավտոմեքենայով։

 

Leave a comment