Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլնի, քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրին, որ իրականացված վթարային ջրանջատումների քանակը 39 է, հիմնանորոգված դիտահորերի քանակը՝ 4, մաքրված անձրևատար դիտահորերի քանակը՝ 219։
Ինչ վերաբերում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, զեկուցվեց, որ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում սպասարկել է 464 միավոր շարժակազմ՝ 469-ի փոխարեն, եւ կատարողականը՝ 99%։ Մետրոպոլիտենի պարագայում գիծ է դուրս բերվել 2920 գնացք, սկսվել են թունելային հակահրդեհային ջրատարի արդիականացման աշխատանքները՝ «Գարեգին Նժդեհ»-ից մինչև «Շենգավիթ» կայարան։
Երևանի երթևեկության կառավարման կենտրոնից տեղեկացրին, որ արդեն իսկ կայացել է Երևան քաղաքի մուտքերի և ելքերի վերահսկման ենթակառուցվածքի ստեղծման երկփուլ մրցույթի նախաորակավորման փուլը։ Նախաորակավորումն անցած մասնակիցների հետ ունեցել են աշխատանքային քննարկում՝ ծրագրի տեխնիկական պահանջների, իրականացման մոտեցումների և հետագա մրցութային գործընթացի կազմակերպման վերաբերյալ։
«Շաբաթական ռեժիմով քննարկումներ ենք ունենում ընդհանուր տրանսպորտային ցանցի խնդիրների և լուծումների վերաբերյալ, և կարծում եմ, որ արդեն որոշ չափաբաժիններով պետք է հանրությանը ներկայացնենք, թե կոնկրետ կետային այն աշխատանքները, որ հիմա արվում են, և այն մեծ ծրագրերը, որոնք մենք պետք է սկսենք իրականացնել քաղաքում՝ երթևեկության խտությունը փոխելու տեսանկյունից և փոխելու համար։
Առաջին հերթին դրանք կոնկրետ խաչմերուկներում որոշակի փոփոխություններն են, բայց ընդհանուր առմամբ դա մեր ավտոբուսային, վերգետնյա տրանսպորտային ցանցին առաջնահերթություն տալու խնդիրն է, որը մեկ անգամ քննարկել ենք, պետք է ամբողջացնել։ Երկրորդը՝ այն թվային ցուցանիշներն են, որ այս ձեր ծրագրի ներդրմամբ ստանալու եք, և բոլոր այն տվյալները, որոնք հավաքվում են Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում, դրանք նույնպես որոշակի պարբերականությամբ պետք է որպես զեկույց ու հաշվետվություն ներկայացվեն երևանցիներին։
Եվ իրականում մեր բոլոր խնդիրները մեծապես եւ ուղղակիորեն կապված են մարդատար ավտոմեքենաների քանակի աճի հետ։ Այո՛, արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրումը մեր ծրագրերում է։ Այո՛, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը՝ երեք հիմնական գիծը, այո՛, մեր առաջնահերթությունն է լինելու»,- ասաց Ավինյանը։
Նա նաեւ հավելեց. «Լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մինչև իսկ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են։ Դա, կարծում եմ, նուրբ ասած, իրականությանը չի համապատասխանում, որովհետև եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր և կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք և փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են մի իրավիճակի, երբ որ որևէ մեկը իր ավտոմեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու շարժվել։ Որովհետև այն տեմպը, որով աճում է մարդատար մեքենաների քանակը Երևան քաղաքում, արդեն իսկ գործողություններ է պահանջում։
Բայց նաեւ այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում տրամաբանական. այդ գործողությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում է և ինքը իր աչքով տեսնում է, որ Երևան քաղաքում վերգետնյա հանրային տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է և ավելի էֆեկտիվ, քան սեփական մարդատար մեքենայով տեղաշարժվելը։ Երբ մարդը տեսնում է, որ քաղաքի մուտքերի մոտ մենք ունենք հարմարավետ ավտոկայանատեղիներ և ունենք հանրային տրանսպորտ, որը իրեն հասցնում է էականորեն ավելի արագ քաղաք, քան մնացած մարդատար ավտոմեքենաները, որոնք դեռևս, այո՛, որոշակի ավելի դանդաղությամբ են շարժվում ավտոբուսի կողքով։ Եվ սրանք են նվազագույնը առաջնահերթ այն հիմնական լուծումները, որոնք պետք է տանք մինչև որևէ սահմանափակման մասին խոսելը։
Բայց նաև այս ամենը, իհարկե, մենք արդեն իսկ որոշակի խորությամբ ուսումնասիրել ենք և հասկանում ենք, բայց այս տվյալներով նաև պետք է կիսվենք մարդկանց հետ, և այս հաշվետվությունները պետք է որոշակի պարբերականությամբ ներկայացնենք երևանցիներին… Այս փոփոխությունները կարող են նաև դրվել հանրային քննարկման, որովհետև մենք բոլորս որոշակի մասնակցություն պետք է ունենանք այս պրոցեսին։
Հիմա Երևան քաղաքում ամենասուր խնդիրը, որ առկա է այս պահի դրությամբ, դա խցանումների խնդիրն է, եւ ամենահիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների ահագնացող քանակի աճն է քաղաքում, որը պետք է կառավարել։ Ես ակնկալում եմ, որ մենք այստեղ լինելու ենք մաքսիմալ պրոակտիվ, և այն տվյալները, որոնք հավաքագրվում են Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում, որոշակի պարբերականությամբ հրապարակվելու են այստեղ։ Եվ եկեք մի քիչ ավելի պարզ և հստակ լինենք, թե ինչ ենք ներկայացնում»։
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: