ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը չի բացառում, որ Ծառուկյանին կարող են նաև կալանավորել։
«Ամեն ինչ հնարավոր է։ Գործողությունների հաջորդականությունը նման կանխատեսումների տեղիք է տալիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ առանց հոդվածներին անդրադառնալու, այն հռետորաբանությունից հետո, որը կար, բոլորը կանխատեսում էին, որ նման գործողություններ են ձեռնարկվելու.
«Դա բացարձակ անակնկալ չէր։ Իսկ հոդվածների շրջանակում հնարավոր էր ինչ-որ բան ստեղծագործել, իսկ վերջին շրջանում այդ ստեղծագործությունը պարբերական բնույթ է կրում»։
Սարգսյանն ասաց նաև, որ Ծառուկյանի տանը խուզարկություն սկսելու մանրամասները, մասնավորապես ժամերը, դեռ չգիտի. «Փորձում եմ ներս մտնել։ Հիմա սպասում ենք, որ քննիչին տեղեկացնեն։ Դա տեխնիկական հարց է. այստեղից պետք է զգուշացնեն, որովհետև գործողության պատասխանատուն քննիչն է։ Չեմ կարծում, որ նման խախտում անեն և ասեն՝ թույլ չենք տալիս»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: