Չկա արձագանք, ուստի Բաքուն շարունակում է խոշտանգել հայ գերիներին. Գալստյանը` ԵԱՀԿ ԽՎ-ում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր Հաագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում` խոսելով Ադրբեջանի կողմից իրականացված՝ Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին։

Իր ելույթում նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բարձրացրել է երկու կարևոր հարց՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից, և Հայաստանում ժողովրդավարության հետընթացը։

«Պորտոյում մեր տարեկան նստաշրջանում ես առաջարկեցի միջազգային առաքելություն ուղարկել Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական առաջնորդների կեղծ դատավարությունները վերահսկելու և հայկական մշակութային ժառանգության շարունակական քայքայումը գնահատելու համար։ Առաջարկին ոչ ոք չաջակցեց։ Չգործելով՝ մենք թույլ տվեցինք Ադրբեջանին շարունակել իր խախտումները։ Այսօր առնվազն 19 հայ, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը և ուրիշներ, մնում են անօրինական կերպով կալանավորված։ Նրանք շարունակում են ենթարկվել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, մինչդեռ նույնիսկ Միջազգային կարմիր խաչի մուտքն արգելվել է»,–նշել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ կատարվողը տեղային անարդարություն չէ, այլ ավելի լայն քաղաքականության մի մաս, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, նրա էթնիկ բնակչության բռնի տեղահանումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի առաջմղումը, որն օգտագործվում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ առաջ քաշելու համար։

Գալստյանը շեշտել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությանը չարձագանքելով թուլանում են հենց այն չափանիշները, որոնք դրվել են ԵԱՀԿ-ի հիմքում։

Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Հայաստանը բախվում է նաև լուրջ ժողովրդավարական մարտահրավերների։ Միջազգային կազմակերպությունները մտահոգություն են հայտնում իշխանության կենտրոնացման և ժողովրդավարական ինստիտուտների թուլացման վերաբերյալ։

«ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։ Մինդեռ հայ ընտրողների մեծամասնությունը մերժեց Հայաստանին պարտադրվող զիջումները, ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները, խորացող բռնապետական ռեժիմը, քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները»,–նշել է նա։

Գալստյանը կոչ է արել վեհաժողովին Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ, Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը։

Նա հիշեցրել է, որ այդ քայլերը պարզապես բարոյական հրամայական չեն, այլ նաև իրավական պարտավորություն։

Sputnik Արմենիա

Leave a comment