Հայրենիքը հարկադրաբար թողել են, հիշողությունը՝ ոչ. նախիջևանահայերի 30-ամյա ուխտագնացությունը

Հազարափրկիչը շարունակում է համախմբել նախիջևանահայերին

Հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը կայացավ Նախիջևանից բռնի տեղափոխված Հազարափրկիչ սրբավայրի 30-րդ ուխտագնացությունը՝ համախմբելով նախիջևանահայերին և նրանց սերունդներին։ Հազարափրկիչ սրբավայրը 1996 թվականի հոկտեմբերի 13-ին վերաբացվել և օծվել է Նոր Խարբերդ-Նուբարաշեն տրանսպորտային Մ-16 հանգույցի վրա՝ նախիջևանահայերի ջանքերով, հայրենասերների աջակցությամբ և գյոմուրցի Իսկանդարյան եղբայրների տրամադրած հողատարածքում։ Այն դարձել է նախնիների հիշատակը, ազգային ավանդույթներն ու պատմական հայրենիքի հետ կապը պահպանելու խորհրդանշական վայր։

Միջոցառումը մեկնարկեց աղոթքով և մոմավառությամբ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար նահատակվածների, հայրենակցական միության նախկին նախագահների և հանգուցյալ համերկրացիների հիշատակը։ Տոնական օրը շարունակվեց մատաղի արարողությամբ, հյուրասիրությամբ, մշակութային ելույթներով և ակտիվ անդամների պարգևատրմամբ։

Տեղի ունեցավ նաև «Նախիջևանահայերի հայրենակցական միավորում» ՀԿ վարչության նիստը։ Նախագահ ընտրվեց Բաբաջան Բաբախանյանը, իսկ փոխնախագահ՝ Կարինե Սարոյանը։ Ներկաները շնորհակալություն հայտնեցին 2018 թվականից կազմակերպությունը ղեկավարած Լևոն Ստեփանյանին՝ կատարած ազգանվեր աշխատանքի համար։

Ի դեպ, Իսկանդարյան եղբայրների հետ միասին Նախիջևանից նոր Հազարափրկիչի տեղափոխման գործում մեծ ավանդ են ունեցել նաև գյոմուրցիներ Գելուսակ Ասատրյանը և Ռուբիկ Հովհաննիսյանը (սրբավայրի այժմյան տարածքում գտնվող Ղոչերի արձանիկների տեղափոխումը վտանգավոր ժամանակահատվածում է կայացել, ինչպես նաև միջոցների ու գումարների հավաքագրման և շինարարական/բարեկարգման կազմակերպման հարցերում և այլն)։

«Նախիջևան» հայրենակցական միությունը տարբեր տարիների նախագահել են՝ Հայրապետ փառակեցի Սահակյանը (հիմնադիր նախագահ), Արգամ արինջեցի Այվազյանը, Արտակ ազնաբերդցի Վարդանյանը, Ռաֆայել նորսեցի Համբարձումյանը, Գագիկ փարադաշտեցի Օհանյանը, Վազգեն կզնուտցի Տեր-Հարությունյանը, Մելս մեսրոպավանցի Մկրտչյանը, Լևոն լենինաբադցի Ստեփանյանը։

Aravot.am-ի հետ զրույցում Նախիջևանահայերի հայրենակցական միավորման վարչության անդամ և նախագահի տեղակալ Խաչիկ Շմավոնյանը հիշեցրեց, թե ինչպես էր 1988 թ. Սումգայիթյան դեպքերից հետո Ադրբեջանից հայերի տեղահանության ալիքն աստիճանաբար հասել Նախիջևան. «1988 թ. Հին Ջուղան լքեցին վերջին հայերը՝ Գողթան գավառի Փառակա գյուղում ծնված Մարիամ Եգիյանը, Գաղ գյուղի բնակիչները, Գողթանի հայաշունչ Դեր, Վերին Ազա, Ռամիս (7 տուն), Ցղնա, Տանակերտ, Բիստ, Ալահի, Մեսրոպավան (12 տուն) և Փառակա (50 տուն) գյուղերի բնակիչները՝ երբևէ վերադառնալու անմար հույսով: Սրանք լեռնային Գողթանի այն բնակավայրերն էին, որոնց առյուծասիրտ քաջերը 1918 թ. չէին հպատակվել թյուրքական զորահրամանատար Խալիլ բեյի բանակին, Էդիֆ էֆենդու հրոսակախմբերին։

Մինչև 1988 թ. դեկտեմբեր արդեն իսկ հայաթափվել էին Ջուլֆա և Նախիջևան քաղաքները, դեկտեմբերին՝ 450 ընտանիք ունեցող Ազնաբերդ գյուղը։ Երկրամասի հայության մի մասը, վտանգելով կյանքը, 1989 թ. գարնանը կրկին հետ վերադարձավ՝ Խորհրդային գերտերությունից հույսեր փայփայելով, սակայն ազգային նոր զարթոնքի և հայ-ադրբեջանական իրադարձությունների կտրուկ վատթարացման արդյունքում Նախիջևանի հայերը հիմնովին լքեցին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարիամ մեսրոպավանցի Հակոբջանյանը՝ 1989 թ. մարտին, և Գողթան գավառի Ցղնա գյուղի վերջին 7 հայերը՝ 6 կին և 1 տղամարդ, 1989 թ. հունիսի 13-ին։

Արցախյան գոյամարտի տարիներին նախիջևանցին զենքը ձեռքին ևս մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը, Սպիտակի արհավիրքի փրկարարական աշխատանքներին։ Նախիջևանահայերը՝ դառնալով փախստական և զրկված լինելով ծննդավայր այցելելու, հարազատների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, 1989 թ. դեկտեմբերին Երևանում կազմակերպեցին առաջին հավաքը՝ փառակեցի Հայրապետ Սահակյանի նախագահությամբ, որից հետո 1990 թ. մարտի 24-ին հիմնվեց «Նախիջևան» հայրենակցական միությունը, ընտրվեց 30 հոգանոց վարչություն, առաջին նախագահ ընտրվեց Հայրապետ Սահակյանը, տեղակալ՝ Ֆիլիպ բիստեցի Օհանյանը»։

Վերադառնալով Հազարափրկիչի ուխտագնացությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այն շարունակում է միավորել նախիջևանահայությանը՝ պահպանելով պատմական հիշողությունը, նախնիների ժառանգությունն ու սերունդներին փոխանցվող ազգային ավանդույթները։

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment