«Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո, բնականաբար, առաջանում են հարցեր հետագա իրավական ընթացակարգերի վերաբերյալ։ Այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն Արցախի օրենսդրության եւ գործող իրավական կարգավորումների շրջանակներում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից Աշոտ Դանիելյանի հրաժարականին։
Աշոտ Դանիելյանը նաեւ Արցախի նախագահի պարտականություններն էր կատարում, քանի որ Արցախի Աժ խմբակցությունները 2025 թվականին Արցախի նախագահի թեկնածու չէին առաջադրել։
«Այս պահին Ազգային ժողովի խմբակցությունների միջեւ ընթանում են քննարկումներ, եւ առաջիկայում պարզ կլինի, թե գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ինչպիսի որոշումներ կընդունվեն։ Այս փուլում կարեւոր եմ համարում շեշտել, որ մեզ համար սկզբունքային հարցը Արցախի պետական ինստիտուտների բնականոն եւ շարունակական գործունեության ապահովումն է։ Անկախ նրանից, թե ինչ պաշտոնների փոփոխություններ են տեղի ունենում, ինստիտուտները պետք է շարունակեն գործել օրենքի շրջանակներում եւ ծառայեն Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը։ Ընդունված որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ և ժամանակին կտեղեկացվի»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Ենթադրվում է, որ Աշոտ Դանիելյանի հրաժարականի պատճառը «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների վերաբերյալ վերջին շրջանի տեղեկություններն էին։ Աշոտ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են իրեն՝ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, բացառապես պաշտոնական գործունեության ապահովման եւ դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Նա տեղեկացրել էր, որ այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ եւ տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։
Իսկ հրաժարականի մասին հայտարարության մեջ նշել էր․ «Վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձևավորված կեղծ եւ արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները եւս ազդել են այս որոշման կայացման վրա։ Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որեւէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների եւ Ազգային ժողովի հեղինակության վրա։ Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաեւ պետական կառույցը անձնական շահարկումներից եւ արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։ Հետեւաբար, ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»։
«Առավոտ»-ի հարցին՝ արդյոք Դանիելյանի հրաժարականը կապվա՞ծ է «Արցախֆրուտի» գումարների հարցի հետ, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Դուք ավելի վաղ տեղեկացրել էիք, որ ստեղծում եք հանձնաժողով, որը կուսումնասիրի «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի գործի դետալները եւ կներկայացնի ժողովրդի դատին՝ ինչ փուլում է գործընթացը, ինչ հարցրեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս երկու հարցերը միմյանց կապել։ Համենայնդեպս այս պահին նման եզրակացության համար որեւէ հիմք չկա։ Ինչ վերաբերում է «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի հետ կապված գործի ուսումնասիրությանը, ապա հայտարարված հանձնաժողովի ձեւավորման գործընթացը շարունակվում է։ Մեր նպատակն է, որպեսզի իրականացվի գործի բոլոր հանգամանքների համակողմանի ուսումնասիրություն։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հանձնաժողովն ավարտի իր աշխատանքը, ներկայացնի իր եզրակացությունները, եւ միայն դրանից հետո հանրությունը ստանա ամբողջական և փաստերի վրա հիմնված տեղեկատվություն»։
Նժդեհ Իսկանդարյանը հավելեց․ «Մեր սկզբունքային մոտեցումը չի փոխվել․ մենք որեւէ կանխորոշված գնահատական կամ եզրակացություն չունենք։ Մեր նպատակը բոլոր հարցերի սպառիչ պարզաբանումը, թափանցիկության ապահովումը եւ հանրության վստահության ամրապնդումն է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: