Սա լուրջ նախազգուշացում է. Իրանի ԱԳՆ–ն` Հորմուզի նեղուցի մասին

Բաժանորդագրվել

Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովում են առափնյա պետությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Իրանը օտարերկրյա ռազմական ուժերին հորդորել է զերծ մնալ Հորմուզի նեղուցում ցանկացած գործողությունից։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Fars» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին:

«Իրանը` որպես Հորմուզի նեղուցի անվտանգության երաշխավոր, օտարերկրյա ռազմական ուժերին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից։ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովում են առափնյա պետությունները։ Ճգնաժամային իրավիճակների հրահրողները պատասխանատվություն կկրեն իրենց գործողությունների հետևանքների համար: Սա լուրջ նախազգուշացում է»,- հայտարարել է Ղարիբ-Աբադին։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Հայտնի է` երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը

Leave a comment