Ալիեւի օգնականը ցրում է Փաշինյանի տպավորությունը

Ոչ անհայտ Հիքմեթ Հաջիեւը ասում է, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որ նրանք 30 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց տները։ Հաջիեւի հետ «երկու օրը մեկ խոսող» ՀՀ ԱԽ քարտուղարը իր մասով ներողություն արդեն խնդրե՞լ է։ Կամ, եթե Հաջիեւի հետ համաձայն չէ, կհայտարարի՞ այդ մասին հրապարակավ։

Այն, ինչ անում է Հիքմեթ Հաջիեւը պարզապես քմահաճույք կամ պարզապես «հաղթողի երեսառածություն» չէ։ Հաջիեւը թերեւս բավականին հմուտ է այդպիսի հանգամանքների չտրվելու համար։ Հաջիեւի արածը օրակարգի ձեւավորում է։ Նա հիմա բարձրաձայնում է, հետո ստուգելու է արձագանքները, զեկուցելու է իր վերադասին, որն էլ թերեւս հաջորդ մի առիթով կհանձնարարի Ադրբեջանի պետական եւ ոչ պետական, նաեւ գիտական շրջանակներին՝ միջազգային ասպարեզում առաջ մղել Ադրբեջանից ներողություն խնդրելու հարցը։ Հետո այդ հարցը դառնալու է «խաղաղության» նոր պայման կամ նախապայման։ Չէ՞ որ Ալիեւը հենց այդպես հանձնարարել է առաջ մղել «ադրբեջանցիների վերադարձի» ծրագիրը։ Ու մղում են։

Իսկ Երեւանում՝ լռում են, կամ ավելի շուտ, տպավորություն հայտնում, թե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո հնարավոր է փոխադարձ պահանջներից հրաժարում։ Նիկոլ Փաշինյանն էր այդպիսի տպավորություն ստացել Ալիեւի հետ Թուրքմենիայում ունեցած շփումից։ Հիքմեթ Հաջիեւը Ալիեւի հետ շփվում է հաստատ ավելի հաճախ, եւ ուրեմն՝ կամ նա է Ալիեւին սխալ հասկացել եւ հայերից ներողություն խնդրելու փոխարեն խոսել է, թե հայերը պետք է ներողություն խնդրեն Ադրբեջանից, կամ էլ Թուրքմենիայում Ալիեւից սխալ տպավորություն է ստացել Նիկոլ Փաշինյանը։

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment