«Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ Կարապետյան

«Երկրի ակտիվ զարգացման համար, որպեսզի երկիրը կարողանա սոցիալական  ծախսերը լավ իրականացնել, մեր 800 հազար գրանցված քաղաքացիներին պետք է ևս 300 հազար աճ ապահովել, նոր աշխատատեղեր ստեղծել։ Դա պիտի լինի մեր երկրի առաջին նպատակը, որպեսզի 1,1 միլիոն մարդ աշխատելով կարողանա 500 հազար մարդու թոշակ տալ ու, կարողանա նաև հարկային բեռն իր վրա վերցնելով, ապահովել աշակերտների լավ ուսումը, կրթական ծախսերը»,-Շանթ հեռուստաընկերության եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա հետևյալ հաշվարկը ներկայացրեց․ «Եթե դիտարկենք 3 միլիոն բնակչությամբ մեր երկիրը՝ մեր երկրում կա 800 հազար գրանցված աշխատող, որտեղ մեկ աշխատողը կարող է գրանցված լինել 2-3 տեղ, նաև կան 200-300 հազար պետական բյուջեից աշխատավարձ ստացող աշխատակիցներ։ Այսինքն՝ մեր՝ 3 միլիոն բնակչությամբ երկրում աշխատում են 800 հազարը՝ գրանցված, իսկ ունենք 500 հազար թոշակառուներ՝ տարբեր տարիքային թոշակ և այլ պատճառներով, ունենք 300-500 հազար աշակերտներ, ուսանողներ, որոնք ուսանողական տարիքի են ու աշխատաշուկայում դեռ չեն մասնակցում։  Այս հաշվարկը բերում է մի տրամաբանական կետի, այսինքն՝ ՀՀ-ում ունենք 1,8 միլիոն մարդ, որոնք կամ աշխատում են, կամ չեն կարող աշխատել և ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք։ Տնային տնտեսուհիներն են, գյուղաբնակ բնակիչներն են, որոնք աշխատում են օրնիբուն գյուղատնտեսության ոլորտում, սակայն չունեն կայուն եկամուտ՝ հաշվի առնելով գյուղնախարարության թուլությունը մեր երկրում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment