Խախտումներ Մեծավանում, Մարտունիում Թեղուտում և այլուր․ ԴՕԿ-ի դիմումը ՍԴ-ին

«ԿԸՀ-ի կողմից իրականացված արձագանքը և հետագա անգործությունը լիարժեք գնահատվում է ձևական գործողությունների իրականացում, որը որևէ կերպ չի հանգեցրել ընտրական գործընթացի արդյունավետ պաշտպանության։ Ընտրական գործընթացի օրինականության հիմնական երաշխավորը չի կատարել իր վրա դրված պոզիտիվ պարտավորությունը՝ ապահովելու ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական ուժերի հավասար հնարավորությունների և ընտրությունների արդարության արդյունավետ պաշտպանությունը»,- ամրագրված է «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության՝ ՍԴ-ին ներկայացված դիմումում։

ԿԸՀ-ի կողմից ընտրության գործընթացների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության իրականացումը» բաժնում ծավալուն անդրադարձ կա այն մասին, թե ինչպես է ԴՕԿ-ը տարբեր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել ԿԸՀ-ին, սակայն այդ խախտումներին պատասխան արձագանք չի եղել։

Մասնավորապես նշվում է, որ 2026-ի հունիսի 2-ին ԴՕԿ ներկայացուցիչը գրավոր դիմում է ներկայացրել ԿԸՀ, որով ԿԸՀ ուշադրությունն են հրավիրել նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված և հանրային տիրույթում լայնորեն տարածված մի շարք փաստերի վրա, որոնք առերևույթ վկայում էին ընտրակաշառքի մեծ քանակի, վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառման, ինչպես նաև ընտրողների ազատ կամարտահայտության վրա ազդեցություն ունենալու այլ գործողությունների մասին, սակայն ԿԸՀ-ն պատշաճ չի արձագանքել։ Դիմումին կից ներկայացվել են համապատասխան ապացույցներ, հրապարակումներ, տեսանյութեր։

ԴՕԿ ներկայացրած դիմումում նշված է․ «Համաձայն ԿԸՀ գործունեության՝ անհրաժեշտ էր անհապաղ միջամտություն և օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում գործուն քայլերի իրականացում՝ ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու նպատակով։ ԿԸՀ-ի պատասխանում որևէ կերպ չի հերքվել դիմումում ներկայացված փաստերի առկայությունը, խախտումների անդառնալի ազդեցության հետևանքները ընտրական գործընթացների վրա։ Միաժամանակ, չնայած ԿԸՀ-ի կողմից հայտարարված գործողություններին, փաստացի որևէ արդյունավետ արդյունք չի արձանագրվել, ավելին՝ հայտնի չեն տեղեկություններ նշված գործընթացների զսպմանն ուղղված գործողությունների վերաբերյալ»։

ԴՕԿ-ի դիմումում վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք օրինակներ են բերվում, որոնք նաև լուսաբանվել են մամուլում․ «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք մանկապարտեզների տնօրեններին փոխանցել են հանձնարարություններ՝ ապահովելու աշխատակիցների մասնակցությունը իշխող քաղաքական ուժի գրասենյակի բացման և քաղաքական բնույթի միջոցառումներին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մանկապարտեզների տնօրեններից նաև պահանջվել է ներկայացնել այն աշխատակիցների տվյալները, որոնք չեն աջակցում իշխող քաղաքական ուժին։ Հետագա հրապարակումներում ներկայացվել են նաև տեղեկություններ այն մասին, որ նշված հանգամանքների հրապարակումից հետո նույն պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են սպառնալիք պարունակող հաղորդակցություններ՝ ուղղված համապատասխան կրթական հաստատությունների ղեկավարներին (նշված հրապարակումներից հետո հերքող որևէ հաղորդագրություն, հրապարակում, պաշտոնական հայտարարություն չի եղել)»։

Կրկին հղում կատարելով մամուլի հրապարակումներին՝ ԴՕԿ-ի դիմումում նշված է․ «Մասնավորապես հրապարակվել են տեղեկություններ, համաձայն որոնց՝ ընտրությունների օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ղեկավարի կողմից թիվ 21/29 ընտրատեղամասում իրականացվել են ընտրողների ուղղորդման գործողություններ, Թեղուտ համայնքում վարչական ղեկավարը գտնվել է ընտրատեղամասի տարածքում, և ըստ հրապարակված տեղեկությունների՝ միջամտել ընտրական գործընթացներին և ընտրության գաղտնիությանը։ Մեծավան համայնքի ընտրատեղամասում ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի կերպով գտնվել է ընտրատեղամասում, և ըստ տեղեկությունների՝ միջամտել ընտրական գործընթացներին»։

ԴՕԿ-ի դիմումում կա նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված՝ ընտրախախտումների վերաբերյալ տվյալների ծավալուն վերլուծություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԴՕԿ կուսակցության ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment