«Չեմ լսել, չեմ տեսել այդպիսի հայտարարություններ, չեմ կարող մեկնաբանել»,- դատական համակարգին վերաբերող Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններին այսպես արձագանքեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
«Ճնշումներ եղե՞լ են իր նկատմամբ» հարցին նա վստահեցրեց, որ ոչ զանգ, ոչ SMS, ոչ քողարկված, ոչ էլ ուղիղ ձևով որևէ ճնշում չի եղել։
«Ես այն դատավորը չեմ, որ կարող է նույնիսկ միտք լինել, թե իմ նկատմամբ կարող են ճնշումներ լինել։ Եթե լինեն, համապատասխան իրավական գնահատականները կստանան»,- հավելեց նա:
«Դուք ինչո՞ւ եք կարծում, որ դատավորը պետք է ինչ-որ մեկի սրտի դատավորը դառնա։ Ամեն դատավոր իրեն հաշիվ է տալիս իր աշխատանքով ու գործունեությամբ։ Դատավորները մեղսունակ մարդիկ են, ոնց կարող են իրենց հաշիվ չտալ»,- այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ տարբեր հայտարարությունները, որոնք հիշեցրին լրագրողները։
Հարցին, թե երբ Փաշինյանը տալիս է կոնկրետ անձանց անուններ, որոնք, ըստ նրա, պետք է նստեն, դատավորը, լսելով այդ հայտարարությունները, չի՞ ճնշվում, Բալայանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել և կմեկնաբանի, եթե այդպիսի գործ լինի իր վարույթում։
Անդրադառնալով դատական իշխանության անկախության ապահովմանը՝ Բալայանն ասաց, որ դրա ապահովումը դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա, և հենց նրանք պետք է ապահովեն այն։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունն է։
Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովը նախկինում կազմված էր վեց դատավոր և երկու ոչ դատավոր անդամից, սակայն քաղաքացիական հասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ կազմը դարձնելով վեց դատավոր և հինգ ոչ դատավոր անդամ։
Թափուր երեք տեղի համար առաջադրվել է յոթ թեկնածու՝ դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը և Արտակ Մկրտչյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: