Վերջին տարիներին արձանագրել ենք հայրենադարձության զգալի աճ. Զարեհ Սինանյան

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված հայրենադարձության 80-ամյակին նվիրված «Հայրենադարձության շերտերը» խորագրով միջազգային գիտաժողովին և տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել համանուն ցուցադրության սրահներում։

Գիտաժողովի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ հայրենադարձությունը Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն էջերից է, որը նշանակալի դեր է ունեցել ներկայիս Հայաստանի ձևավորման գործում։

«Հայրենադարձությունը մեր պետության ժամանակակից պատմության անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այս կարևոր պատմական էջն այսօր արժանանում է նոր ուսումնասիրության և գնահատման, որովհետև հայրենադարձությունը փորձառություն է, որից մենք կարող ենք կարևոր դասեր քաղել՝ ավելի արդյունավետ կազմակերպելու ներկայի և ապագայի հայրենադարձության գործընթացները։

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ վերջին տարիներին արձանագրել ենք հայրենադարձության զգալի աճ», — նշել է Զարեհ Սինանյանը։

Միջազգային գիտաժողովի նպատակն է նորովի բացահայտել 1946–1949 թվականների հայրենադարձությանն առնչվող թանգարանային հավաքածուները, ինչպես նաև քննարկել այդ պատմական երևույթի սոցիալական, մշակութային և պատմական բազմաշերտ դրսևորումները։

Սփյուռքի գլխավոր hանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment