Քաղաքականություն
12.10.2026 | 16:02
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ԹՐԻՓՓ և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իրանի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղության հաստատմանը և Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը։
ՀՀ ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արժևորվել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հասնելու իրենց տեսլականը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իրենք հետևում են տեղի ունեցող զարգացումներին և աջակցում խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով Իրանը տարբեր ոլորտներում համագործակցության առումով Հայաստանի կողքին է, որ ՀՀ-ն Հարավային Կովկասում լինի հզոր և մեծ հնարավորություններ ունեցող երկիր»։