«Եթե ասում եք՝ 550 հազար մարդ կաշառքով է քվեարկել, բա ինչո՞ւ չեք վիճարկում ընտրությունները արդյունքները»․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

«Եթե իշխանությունը, կառավարող քաղաքական ուժը բացում է մեր բոլորի վճարումներով ձևավորված բյուջեն և իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, դա արդեն ընտրակաշառքի գերադրական աստիճանն է։ Ծախսերը, որոնք այս իշխանությունը արել է ընտրությունների նախաշեմին, չկային պետական բյուջեում»,- ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, դիմելով իշխանական գործընկերներին, ասաց․ «Հենց ընտրությունների նախաշեմին բարձրացրին կենսաթոշակներն ու այլ նպաստներ՝ 78,7 միլիարդ դրամով։ Եթե այդքան հոգատար էիք կենսաթոշակառուների նկատմամբ, շուտ բարձրացնեիք։ Կան սոցիալական հարցումներ, որոնք ներկայացնում են, որ ընտրություններին մասնակցածների մի էական տոկոս ասել է՝ այո, իրենք այդ սոցիալական ծախսերն անմիջապես ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ և դրա համար գնացել, քվեարկել են ՔՊ-ին։ Դա ի՞նչ է, եթե ոչ պետական մակարդակով ընտրակաշառք։ Դա պետք է ամենախիստ ձևով պատժվի։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ընտրություններին ընդդիմությանը տրված ձայները կաշառքով են տրվել, ես էլ ասում եմ՝ եթե 550 հազար մարդ կաշառքով գնացել ու մասնակցել է ընտրություններին, արդյոք դա չի՞ ազդել էականորեն ընտրությունների արդյունքի վրա։ Բա եթե ազդել է, ինչո՞ւ այդ հարցը չեք վիճարկել»։

ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment