Քաղաքաշինության կոմիտեն անընդունելի է համարում կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ կողմից «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած հանրային ծառայողներին ներկայացվող, օրենսդրությամբ չհիմնավորված ֆինանսական պարտավորությունների պահանջը։
Տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն գրությամբ իր դիրքորոշումն է հայտնել կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին գազամատակարարման ցանցին միանալու համար հանրային ծառայողներից պահանջվող վճարման վերաբերյալ։ Հայտնում ենք, որ որևէ վճար կատարելու պարտավորություն բնակիչները չունեն, բացառությամբ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2206-Ն որոշմամբ նախատեսված, ի թիվս այլ ծախսերի, բնակարանի գազի բաժանորդ դառնալու վճարից։
Հորդորում ենք կառուցապատողին առաջնորդվել օրենսդրության պահանջներով և կատարել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների հետ պայմանագրերի կնքման և գազամատակարարման ապահովման պարտավորություններն առանց նախապայմանների։
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ