ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Երևանում գտնվող խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունը մտքեր են փոխանակել նաև TRIPP զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։ Այս համատեքստում ընդգծվել է բաժնետիրական համաձայնագրի և ընկերության կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել TRIPP երկաթուղու, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը հետագա աշխատանքների, այդ թվում՝ շինարարության մեկնարկի նախապատրաստման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախագծի շրջանակներում առաջիկա անելիքների վերաբերյալ։
Նոյեմբերի 23-ին Սյունիքում պաշտոնապես մեկնարկել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլը։ Նախագծի շրջանակում նախատեսվում է Հայաստանի էլեկտրական ցանցի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին, ինչպես նաև տարածաշրջանային տարանցիկ կոմունիկացիաների զարգացումը։