Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը գրել է.
«Վերջին շրջանում հաճախ եմ մտածում՝ ինչպե՞ս կգնահատի այսօրվա Հայաստանը ապագա պատմաբանը։ Պատմագիտության մեջ կա սիներգետիկ մոտեցում։ Այն հասարակությունը դիտարկում է որպես բարդ, բաց և ինքնազարգացող համակարգ։ Այս տեսանկյունից շատ բան ավելի հստակ է երևում։
Առաջին՝ հասարակությունը մեքենա չէ, որ հնարավոր լինի կառավարել միայն վերևից տրվող հրահանգներով ու վախի լծակներով։ Այն ինքնակազմակերպվող համակարգ է, որը պահվում է ներքին կապերով՝ վստահությամբ, համերաշխությամբ, երկխոսությամբ։ Երբ իշխանությունը հետևողականորեն բաժանում է հասարակությանը «մերոնց» (ներկաներ) ու «թշնամիների» (նախկիններ), այն քանդում է հենց այն կապերը, որոնց վրա հենվում է պետության կայունությունը։
Երկրորդ՝ վախը կարող է ժամանակավոր կարգ ստեղծել, բայց ոչ կայունություն։ Երբ հասարակությանը մշտապես պատերազմով են վախեցնում, որպեսզի նա լռի ու համակերպվի, համակարգը հավասարակշռության չի գալիս։ Ընդհակառակը, նրանում լարվածություն է կուտակվում։ Իսկ կուտակված լարվածությունը չի անհետանում։
Երրորդ՝ պատմությունը գծային չէ։ Երկար ժամանակ կարող է թվալ, թե ոչինչ չի փոխվում, իսկ հետո համեմատաբար փոքր իրադարձությունը շրջադարձ է առաջացնում։ Հիշենք ԽՍՀՄ-ը. 1980-ականների կեսին քչերն էին պատկերացնում, որ մի քանի տարի անց այդ հզոր համակարգը կփլուզվի։ Այն նույնպես երկար ժամանակ պահվում էր վախով, «ներքին ու արտաքին թշնամիների» կերպարներով և հասարակության մասնատմամբ։ Արտաքուստ կայուն թվացող համակարգը ներսից արդեն սպառել էր իր ռեսուրսը։
Չորրորդ՝ ճգնաժամը ոչ միայն վտանգ է, այլև հնարավորություն։ Պատմական խաչմերուկներում որոշիչը հասարակության ներքին կարողությունն է՝ միավորվելու, լսելու և նոր ուղի ընտրելու։ Այդ պատճառով էլ հասարակության պառակտումն ամենավտանգավոր քաղաքականությունն է։ Այն զրկում է ժողովրդին ինքնակազմակերպվելու կարողությունից հենց այն պահին, երբ դա ամենից շատ է պետք։
Պատմությունը չունի մեկ կանխորոշված ուղի, և ոչ մի իշխանություն չի կարող հավերժ ծրագրավորել դրա ընթացքը։ Հասարակությունը պառակտելու, ահաբեկելու և պատերազմով վախեցնելու մոտեցումը մի օր անխուսափելիորեն տապալվելու է։ Պատճառը ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ այն, որ այդ մոտեցումը հակասում է բարդ հասարակական համակարգերի բնույթին։ Հարցը միայն այն է՝ երբ և ինչ գնով։ Իսկ գինը կախված է մեզնից՝ արդյոք կկարողանանք պահպանել միմյանց լսելու և միասին մտածելու կարողությունը»։